Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «շատ» կարևորում է ՏԻՄ ընտրություններում լուրջ արդյունքների արձանագրումը Գյումրիում


Հաջորդ տարի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից առաջ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շատ կարևորում է Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ արդյունքների արձանագրումը:

«Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս: Այո՛, մենք սկզբից պետք է շատ լուրջ արդյունք ցույց տանք Գյումրիում, եթե կարող ենք՝ նաև հաղթել, իսկ հետո վերափոխենք ամբողջ Հայաստանը», -այսօր Գյումրիում քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրութրոններին կոնգրեսի ցուցակը գլխավորող Եպրաքսյա Մեխակյանի թեկնածությանը՝ Զուրաբյանը ասաց, թե այս քայլով իրենք ցանկանում են, որ Հայաստանում ևս, ինչպես զարգացած շատ երկներում, կանայք գան իշխանության: Ինքը՝ թեկնածուն պատրաստ է «10 տղամարդ ընդդեմ մեկ կին» հարաբերակցությամբ պայքարի մեջ մտնել:

«Որպես 10 տղամարդ և 1 կին ֆորմատով՝ ես թույլ չեմ տա ինձ զբաղվել սև փիառով, որևէ մեկի անձնական արժանիքներին կպնել․ դա տհաճ, անցանկալի երևույթ է: Միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս նրանց ևս զերծ մնալ մարդկանց արժանիքներին կպնելու այդ կեղտոտ սովորությանը», - հայտարարեց Եպրաքսյա Մեխակյանը, - «Միևնույն ժամանակ զգուշացնում եմ, որ չեմ հանդուրժի, եթե որևէ մեկը փորձի մեր նկատմամբ սև փիառ անել»:

Եթե, այնուամենայնիվ, ընտրվի՝ ընդդիմադիր քաղաքապետին արդյո՞ք իշխանությունները ծրագրեր իրականացնելու համար գումարներ կտան, թե՞ քաղաքը կմնա 3 մլրդ դրամից քիչ ավելի բյուջի հույսին: Այս հարցին Մեխակյանը պատասխանեց․ - «Եթե ընտրված քաղաքապետ կլինի, ընտրված ավագանի կլինի, մենք ժողովրդի կողմից և միասին կկարողանանք հարցեր բարձրաձայնել, պահանջել, ինչու չէ՝ նաև պայքարի մեթոդներ ընտրել, որովհետև այդպես չի կարող լինել, որ իշխանությունը ժողովրդի այդ ամեն ինչը տեսնելով․․․ պիտի նեղանա՞, խռովի՞ և ժողովրդի ոչինչ չտա՞: Ոչ, մենք կպայքարենք, մեթոդներ կգտնենք»:

Զուրաբյանն էլ հավելեց, թե ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում իշխանություններն ավելի «քաղցր աչքով» կնայեն Գյումրիին:

XS
SM
MD
LG