Մատչելիության հղումներ

Վրաերթի ենթարկված երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել վարորդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Գ. Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վ. Սարգսյանին դանակահարելու համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Քննչական կոմիտեն, այս տարվա սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ Գ. Խանփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ: «Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերք, որի հետևանքով Վ.Սարգսյանը տեղափոխվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ և ենթարկվել վիրահատության», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG