Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին Բաքվում այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։

ԿԽՄԿ-ի ղարաբաղյան առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Բաղդասարյանին հնարավորություն է տրվել ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանակել։

«ԿԽՄԿ-ի այցելությունների գլխավոր նպատակն է, որպեսզի կարողանա դիտարկում անցկացնել և տեսնել, թե ինչ պայմաններում է պահվում ազատազրկված անձը, ոնց են նրա հետ վերաբերվում, և որպեսզի հնարավորություն ընձեռի ազատազրկվածին ընտանիքի հետ կապ պաշտպանել», - ասաց Մուսայելյանը՝ շարունակելով. - «Իսկ թե ինչ պայմաններում է պահվում, դրա մասին մենք չենք տեղեկացնում հանրությանը, եթե ինչ-որ խնդիրներ ենք տեսնում, դրանք քննարկվում են միայն ու միայն այն իշխանությունների հետ, ում իշխանության ներքո գտնվում է տվյալ անձը»։

Արսեն Բաղդասարյանը, հիշեցնենք, գերության մեջ է 2014 թվականի դեկտեմբերից։ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

XS
SM
MD
LG