Մատչելիության հղումներ

Պաշտպան. «Անդրիաս Ղուկասյանը որպես քաղբանտարկյալ է պահվում անազատության մեջ»


Անդրիաս Ղուկուսյան, արխիվ

Անդրիաս Ղուկուսյան, արխիվ

«Հանրային իշխանությունը վերահաստատեց, որ Ղուկասյանը որպես քաղբանտարկյալ է պահվում անազատության մեջ, և նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

«Դատարանում նիստի ժամանակ հայտարարել եմ և հիմա էլ հայտարարում եմ, որ մեր հանրային իշխանությանը շանս էր տրված վերահաստատելու, որ Անդրիաս Ղուկասյանը որպես քաղաքական բանտարկյալ է պահվում, որ իր քաղաքական հայացքների համար է պահվում, և հանրային իշխանությունը վերահաստատեց, որ, այո՛, Անդրիաս Ղուկասյանին որպես քաղբանտարկյալ է պահում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական է, որովհետև որևէ հիմք կալանքի տակ պահելու, գրավ չկիրառելու չկար, պարզապես չկար», - ասաց Մեժլումյանը։

Դատարանը, հիշեցնենք, երեկ մերժեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Փաստաբանի փոխանցմամբ, դատարանը ընդամենը մեկ՝ անազատության մեջ մնալով գործին մասնակցող անձանց նկատմամբ հնարավոր ճնշումներ գործադրելու հիմքով է կալանավորել Ղուկասյանին։ Մեժլումյանի խոսքով, Ղուկասյանի՝ հնարավոր փախուստի դիմելու մասին գործում ոչինչ չի եղել։

«Գործով ընդամենը երկու ոստիկանի ցուցմունք էին որպես հիմնավոր կասկած ներկայացրել, և մենք հարցը բարձրացրել էինք, ասել էինք՝ աբսուրդ է, որ Անդրիաս Ղուկասյանն ազատության մեջ մնալով գնա և այդ ոստիկանների նկատմամբ ճնշում գործադրի։ Հարց էինք բարձրացրել, ասել էինք նաև՝ եթե այդ տարածքում եղած բոլոր ոստիկաններն են գործով անցնում, աբսուրդ է, որ գնա և տասնյակ կամ հարյուրավոր ոստիկանների նկատմամբ ճնշում գործադրի և ասի՝ «պետք է իմ օգտին ցուցմունքներ տաք»։ Դա աբսուրդ է, նման բան չէր կարող լինել», - ասաց փաստաբանը։

Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի կարծիքով, դատարանի որոշումը ցույց տվեց, որ Ղուկասյանը շարունակում է իրական վտանգ հանդիսանալ իշխանության համար:

«Պարզապես ցույց են տալիս, թե ինչքան վտանգավոր անձնավորություն է պարոն Ղուկասյանն իրենց համար՝ ռեժիմի համար, և մի անձնավորություն, որ այսօրվա օրով ամբողջությամբ նվիրված իր հայրենիքին, ժողովրդին, բազմիցս անգամ դա ապացուցած, գտնվում է անօրինակ, անբարո մեղադրանքներով կալանքի տակ, ի՞նչ կարող ենք ասել», - հայտարարեց Թարխանյանը՝ շարունակելով. - «Երբ որ պետությունը սկսում է դիմել այսպիսի քայլերի, այդտեղ սկսվում է պետության վերջը»։

XS
SM
MD
LG