Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան խնդիրը Պուտինի համար առիթ է Արևմուտքին ցույց տալու, որ ինքն անփոխարինելի միջնորդ է․ փորձագետ


Ստանիսլավ Բելկովսկի
Ստանիսլավ Բելկովսկի

Մոսկվայում այսօր կայացել են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ խորհրդակցություններ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցիչ՝ Անջեյ Կասպշիկին։ Այս մասին կարճ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ,քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ընթացիկ իրավիճակը»:

Ամերիկացի համանախագահ՝ Ջեյմս Ուորլիքը մոսկովյան հանդիպման նախօրեին «Թվիթերում» «Խաղաղությունը Ղարաբաղում հնարավոր է» գրառում էր արել:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել էին հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Նախատեսված էր ևս մեկ հանդիպում ամռանը Ֆրանսիայում, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չէր կայացել: Իսկ փորձագետները համարում եմ, որ նախաձեռնողը բանակցային գործընթացում այսօր Մոսկվան է:

Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Բելկովսկին «Ազատության»-ը տված հարցազրույցում ասում է, որ Մոսկվայի համար կարևոր չէ, թե Ադրբեջանը կամ Հայաստանը ինչ կստանան Ղարաբաղի հարցում:

«Պուտինը բոլորովին անտարբեր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հանդեպ: Նա պատրաստ է աջակցել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Խնդիրը նրանում է, թե ինչ է ստանալու ինքը՝ Վլադիմիր Պուտինը: Բացի այդ, իրական միջոցներ Հայաստանին կամ Ադրբեջանին ճնշելու Ռուսաստանի նախագահը չունի», - ասում է փորձագետը և հավելում․ - «Մեդվեդևը, օրինակ, Ադրբեջանին ավելի էր հակված, քան Հայաստանին: Այստեղ դեր են խաղում նրա կապերը մարդկանց մի խմբի հետ, ովքեր որոշ տնտեսական և քաղաքական հետաքրքրություններ ունեն Ադրբեջանում»:

Ղարաբաղյան խնդիրը, փորձագետի կարծիքով, լավ առիթ է Պուտինի համար Արևմուտքին ցույց տալու, որ ինքն անփոխարինելի միջնորդ է, որ միայն ինքը կարող է ղարաբաղյան խնդրում մոդերատորի դերը ստանձնել։ Այլ հարց է, ըստ փորձագետի, որ չկա խնդրի կարգավորման հայեցակարգ:

«Մոսկվայում չգիտեն՝ ինչպես կարգավորել ղարաբաղյան խնդիրը, և այս պայմաններում ռազմական նոր գործողություններն անխուսափելի են, թեև խոսքը նորից կարճատև, ոչ լայնամասշտաբ պատերազմի մասին է»:

«Ադրբեջանը միայն մի դեպքում կարող է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եթե Թուրքիան ռազմական աջակցություն ցույց տա Ադրբեջանին, և եթե Ռուսաստանը աչքերը փակի: Նման պայմաններ այսօր չկան, և խոսքը միայն կարճատև ռազմական գործողությունների մասին կարող է լինել», - ասում է Ստանիսլավ Բելկովսկին, ով համոզված է, որ եթե կան երկրներ, որ կարող են կարգավորել ղարաբաղյան խնդիրը, այդ երկրներն են Միացյալ Նահանգները ու Թուրքիան, ոչ Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG