Մատչելիության հղումներ

Հայկական արտադրության ապրանքների վրա կարող է դրվել «Արտադրված է ԵՏՄ-ում» պիտակը


Մոտ տասն օրից «Արտադրված է Հայաստանում» անունը կրող հարյուրավոր ապրանքներ կցուցադրվեն մեկ հարկի տակ: «Made In Armenia» մեծ ցուցահանդեսը՝ «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ը կազմակերպվում է արդեն երկրորդ տարին: Ըստ հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի, այս տարի ցուցադրվող ապրանքներն ավելացել են:

«Սա էլ մի հաշվետվություն է Հայաստանի տնտեսության 25-ամյա պատմության, անկախության, թե ինչ ձեռքբերումներ ունենք տնտեսության մեջ», - ասաց Միրզոյանը:

Հաջորդ տարի, սակայն, հնարավոր է՝ հայկական որոշ ապրանքների վրա «Արտադրված է Հայաստանում» մակնշումը՝ փոխարինվի «Արտադրված է Եվրասիական տնտեսական միությունում» պիտակով, համենայնդեպս՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության բաժնի ղեկավար Նիկոլայ Կուշնարյովը՝ «Արտադրված է ԵՏՄ- ում» պիտակը կրելու են միության երկրների համատեղ արտադրության ապրանքները:

«Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի Եվրասիական միության երկրներում արտադրված ապրանքների վրա կհայտնվի «Արտադրված է ԵՏՄ» - ում պիտակը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը արդեն սկսել է մշակել եվրասիական ապրանքի չափանիշները: Մենք կարծում ենք, որ «Արտադրված է Ռուսաստանում» կամ «Արտադրված է Հայաստանում» տիպի անվանումներից անցումը համընդհանուր մի բրենդի՝ ինտեգրացիոն համագործակցության կարևոր փուլ է», - ասաց Կոշնարյովը:

Ըստ նրա, «Արտադրված է ԵՏՄ-ում» պիտակը որոշակի առավելություններ կտա, օրինակ՝ պետգնումների ոլորտում և ապրանքը երրորդ երկրների շուկաներ արտահանելիս:

«Մենք կարծում ենք, որ «Եվրասիական ապրանք» հասկացությունը շրջանառության մեջ դնելը մի կողմից կհեշտացնի միության երկրներում արտադրության աջակցությունը, մյուս կողմից՝ հզոր գործիք կդառնա ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների առաջխաղացման համար: Բացի այդ, կխթանի «Պատրաստված է ԵՏՄ-ում» մակնշմամբ ապրանքների պահանջարկը», - նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության բաժնի ղեկավարը:

Արդյոք աջակցության խոստումները կարո՞ղ են ստիպելհայաստանյան գործարարներին հրաժարվել «Արտադրված է Հայաստանում» պիտակից: Հայկ Միրզոյանի խոսքով՝ գործարարներին աջակցման գործիքներ իրենք էլ ունեն․ սուբսիդավորում են գործարարների վարկերը, օգնում են արտահանել կամ ներկայանալ միջազգային ցուցահանդեսներին: Ըստ նրա, քչերը կհամաձայնեն փոխել «Արտադրված է Հայաստանում» նշումը:

«Չեմ կարծում, որովհետև մեր հայկական ընկերությունները, մանավանդ այն ընկերությունները, որոնք կայացած են, իրենք ավելի նախընտրում են իրենց պիտակի տակ լինել: Չեմ կարծում, որ դա սպառնալիք է», - նշեց Միրզոյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ նաև ուսումնասիրում է Եվրասիական միության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, կարծում է, որ «Արտադրված է ԵՏՄ– ում» պիտակի ներմուծումը զուտ քարոզչական քայլ է:

Նրա խոսքով, օգուտների փոխարեն այն կարող է զրկել իրական արտոնություններից, որ հայկական ապրանքները ունեն, օրինակ, վրացական կամ եվրոպական շուկաներում:

«Հայաստանում արտադրված ապրանքները, ի տարբերություն Եվրասիական միությունում արտադրված ապրանքների, ունեն բազմաթիվ արտոնություններ: Օրինակ օգտվում են Եվրոպական միության GSP+ ծրագրից, անմաքս ռեժիմում են Վրաստանում և Ուկրաինայում և այլն: Եվ եթե ապրանքների վրա մակնշումը փոխվի, այդ ապրանքներն այդ արտոնություններից չեն օգտվի», - ընդգծեց Իոաննիսյանը:

Նա վտանգավոր է համարում մեկ այլ միտում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այժմ քննարկվում է հարցը, որ արտոնությունների սահմանման գործընթացը պետք է վերցվի պետություններից և տրվի վերպետական մարմնին:

«Օրինակի համար Հայաստանի Հանրապետությունը որոշել է, որ Հայաստանում կարևոր չէ, թե ապրանքը հայկական է, գերմանական է, թե ռուսական է, ինքը հավասարապես է մրցում պետական գնումների գործընթացում: Բայց եթե այդ որոշումը տեղափոխվի Մոսկվա և Մոսկվան մեր փոխարեն որոշի, Մոսկվան կարող է մեր փոխարեն որոշի, որ ԵՏՄ-ում արտադրված ապրանքները, ես ասեմ՝ ԵՏՄ-ում, դուք կարդացեք ռուսական ապրանքները, Հայաստանում պետգնումների ոլորտում ունեն արտոնություն», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

XS
SM
MD
LG