Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. ԱՊՀ-ից ավելի ցածր մակարդակում ի հայտ է եկել ԵՏՄ-ն


Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Եվրասիական միությունը զուտ տնտեսական կառույց է», - Ռուսաստանի պաշտոնական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա համոզմամբ, հետխորհրդային տարածքում քաղաքական խնդիրների լուծման հիմնական հարթակը շարունակում է մնալ ԱՊՀ-ն:

«[ԱՊՀ-ից] ավելի ցածր մակարդակում ի հայտ է եկել Եվրասիական տնտեսական միությունը: [Այդ կառույցը] տնտեսական խնդիրների և ինտեգրմանը, մաքսային խնդիրներին վերաբերող հարցերի լուծման համար է: Այսինքն, քաղաքականությանն ու ռազմական խնդիրներին չառնչվող հարցերի համար», - պնդել է Լուկաշենկոն:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասին` Բելառուսի նախագահն անկեղծորեն նշել է, որ այս մի կառույցը բավարար ներուժ դեռ չի կուտակել:

«Այո՛, սա դեռ ՆԱՏՕ-ն չէ, չունի այդ հզորությունն ու ուժը, բայցևայնպես սա մի կառույց է, որտեղ հստակ խնդիրներ կան դրված: Արևմտյան ուղղության վրա, օրինակ, Բելառուսն ու Ռուսաստանը միասնական բանակ, միացյալ խմբավորում ունեն», - նշել է Լուկաշենկոն` խոստովանելով, որ չնայած ռուս-բելառուսական միութենական պետության գոյությանը, տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության խորացված բնույթին, միևնույն է, այսօր էլ Մոսկվայի և Մինսկի միջև չլուծված խնդիրներ կան:

«Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք: Մենք էլ, գուցե, երբեմն չէինք հասկանում Ռուսաստանին, Մոսկվան էլ պարբերաբար մեկ նավթային, մեկ գազային խողովակի օգնությանն էր դիմում, փակում էր դրանք, արգելափակում էր մեր ապրանքների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք: Գուցե նաև մենք էինք երբեմն սխալ պահվածք ցուցաբերում, թեև աշխատում էինք չնյարդայնացնել «մեր ավագ եղբորը»: Այսօր էլ մեր հարաբերությունները, որոշ առումներով, լավագույն վիճակում չեն», - նշել է Լուկաշենկոն Ռուսաստանի Դաշնության պաշտոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

XS
SM
MD
LG