Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «ՆԱՏO-ն նոր սառը պատերազմի չի ձգտում»


«Հյուսիսատլանտյան դաշինքը նոր սառը պատերազմի չի ձգտում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց այսօր` Թբիլիսիի խորհրդարանական գրադարանում, Վրաստանի մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք նոր սառը պատերազմի չենք ձգտում: ՆԱՏՕ-ն շարունակելու է Ռուսաստանի հետ կառուցողական և խելամիտ երկխոսության ձգտել: Մեզ համար ուժեղ պաշտպանական և զսպման միջոցների և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների միջև որևէ հակասություն գոյություն չունի: Մենք վստահ ենք, որ քանի դեռ մենք ուժեղ ենք և տիրապետում ենք զսպման ամուր մեխանիզմներին, հնարավոր է նաև Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության մեջ մտնել», - նշում էր Ստոլտենբերգը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով, հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների թվում է շարունակում մնալ համագործակցությունը երեք հիմնական գործընկեր պետությունների հետ:

«Մենք վերահաստատել ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի առջև ստանձնած մեր պարտավորությունները` աջակցել այս պետություններին օտարերկրյա ճնշումներին դիմակայելու հարցում, ինչպես նաև օգնել, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումները», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նկատենք, որ Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստանի համար նաև որոշակի ներքաղաքական հնչեղություն ստացավ, ինչը պատահական չէր. խորհրդարանական ընտրություններն այս երկրում կկայանան ուղիղ մեկ ամսից` հոկտեմբերի ութին: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը դեռ երեկ` Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման ժամանակ էր հույս հայտնել, որ պաշտոնական Թբիլիսիին կհաջողվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնել: Այսօր արդեն Ստոլտենբերգը նշում է, որ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար Վրաստանը կարողացել է համապատասխան օրենսդրական բազա ստեղծել:

«Վրաստանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել հիմնարար ընտրական բարեփոխումների ասպարեզում: Դուք նաև կարողացել եք ամրապնդել օրենքի գերակայությունը, շարունակվում են անվտանգության և պաշտպանական համակարգերի բարեփոխումները: Այս ամենը շատ լավ է Վրաստանի ժողովրդի համար, ինչպես նաև նպաստում է, որպեսզի Վրաստանը համապատասխանի ՆԱՏՕ-ի անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին», - նշում էր Ստոլտենբերգը Վրաստանի խորհրդարանում` պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Բարեփոխումների թեման Ստոլտենբերգը զարգացրեց նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում, նշելով, որ անկախ այն հանգամանքից` Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, թե ոչ, համակարգային բարեփոխումները Վրաստանին միայն օգուտ են:

«Ուժեղ, դեմոկրատական կառույցները, օրենքի գերակայությունը, անկախ դատական համակարգը, օտարերկրյա ներդրողների համար ստեղծված բարենպաստ միջավայրը կարևոր են Վրաստանի համար` անկախ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից», - նշում էր Ստոլտենբերգը` դրան զուգահեռ պնդելով, որ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ներկայության աստիճանը Վրաստանում և Վրաստանի ներկայության մակարդակը ՆԱՏՕ-ում աճել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG