Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանը հացադուլ է հայտարարել


Արխիվ -- Ոստիկանական պատնեշ Խորենացի փողոցում

Արխիվ -- Ոստիկանական պատնեշ Խորենացի փողոցում

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ երկու ամսով կալանավորված Արարատ Խանդոյանը, սեպտեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել:

Արարատ Խանդոյանի փաստաբանը՝ Արա Ղարագյոզյանը, «Ազատությանն» է փոխանցել իր պաշտպանյալի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է․ - «Սույնով հայտարարում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում։ Այդ պատճառով ես սեպտեմբերի 6-ից գտնվում եմ հացադուլի մեջ, քանի որ քրեաօլիգարխ համակարգը հաշվի չի առնում, որ ես հանդիսանում եմ արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում 12 անգամ ստացել եմ բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։ Ռեժիմը սպառել է իրեն, քանի որ ինձ ապօրինի պահում են կալանքի մեջ: Այդ իսկ պատաճռով սկսել եմ հացադուլ»:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արարատ Խանդոյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով: Մասնավորապես՝ Խորենացի փողոցի բողոքի ակցիաների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելու կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու մեջ։ Խանդոյանի փաստաբանի պնդմամբ, մինչդեռ, նախաքննական մարմինը հիմնվում է մի տեսագրության վրա, որտեղ իր պաշտպանյալը միայն փորձում է կանխել ոստիկանի կողմից իր գլխին ուղղված հարվածը։

XS
SM
MD
LG