Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Գանձասարի վանք


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը երեկ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանք, ուր տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև զինվորներ և Վանք գյուղի բնակիչներ։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվել է աղոթք, որից հետո Վեհափառին բարիգալստյան խոսքով ողջունել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը բացառիկ և պատմական իրադարձություն է նկատել այն, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվում է Արցախ աշխարհում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և Գանձասարի վանքում՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն այդ բարձր պատվին արժանացնելու համար, ասված է հաղորդագրությունում:

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ մասնավորապես ասելով․ - «Մենք եկել ենք մեր օրհնությունը բերելու Արցախի մեր քաջարի ժողովրդին, եկել ենք մեր զորակցությունը բերելու Արցախի իշխանություններին, եկել ենք օրհնելու Հայոց բանակի խիզախ մարտիկներին, որպեսզի նրանց բազուկը միշտ հաղթական լինի և Աստծու օրհնությունն ու պահապան Սուրբ Խաչի զորությունը բոլոր ժամանակներում ուղեկից լինեն նրանց»։ «Մենք պիտի շարունակենք ապավինել Աստծուն, որպեսզի միշտ հաղթական լինենք ինչպես պատերազմի դաշտում, այնպես և մեր կյանքի շինության գործում», - նշել է Վեհափառը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին նախագահին Արցախ այցելելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար, նաև իր գնահատանքն է բերել Ղարաբաղի իշխանություններին Արցախ աշխարհը շեն ու բարգավաճ պահելու բոլոր ջանքերի համար։ Վեհափառը նաև աղոթել է Հայոց բանակի, նրա հրամանատարների և զինվորների համար։

«Հրաշափառի» արարողությունից հետո վանքի տարածքում գտնվող Մատենադարանի շենքում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG