Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի բողոքը


Արխիվ -- Սեդրակ Նազարյանը ՊՊԾ գնդի տարածքում
Արխիվ -- Սեդրակ Նազարյանը ՊՊԾ գնդի տարածքում

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը։

Մերժվել է նաև գրավը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանում մերժված միջնորդության մասին բողոքը։

Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը դակեց այն բոլոր սխալները, որոնք առաջին ատյանի դատարանը թույլ էր տվել գործի քննության ընթացքում։

«Սեդրակ Նազարյանը նաև դատարան չներկայացվեց, այսինքն նրա՝ լսված լինելու իրավունքը խախտվեց», - նշեց Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ Սեդրակ Նազարյանը հետվիրահատական խնդիրներ ունի, բայց ապաքինվում է։ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման ժամանակ դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո վիրահատության ժամանակ հեռացվել է նրա թոքի մի մասը:

Դատարանի որոշումից հետո փաստաբանն այցելել է Նազարյանին։ Սեդրակը պայմաններից չի բողոքել։

«Այսօր նրա մոր 60-ամյակն է, նա ուղղակի շնորհավորանքներ է փոխանցել իր մորը», - պատմեց Լուսինե Սահակյանը:

Նազարյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում։ Երբ նրան կալանավորում էին՝ համագյուղացիները փակել էին գյուղի ճանապարհը։ Քույրը՝ Մարգարիտա Նազարյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց հարազատներին ոստիկանությունից և մարզպետարանից սպառնացել են։

«Բոլոր՝ ինչքան պաշտոնյա կա Սյունիքի մարզում եկան ստեղ, համոզեցին՝ երեք օր հետո ձեր տղային տանելու ենք տեսնեք, առողջականը իմանաք: Իմ մորաքույրս մեծ կինա, բայց եկան, մտան տունը, վախացրին», - պատմում է նա:

Մարգարիտայի խոսքով՝ չնայած մարզային իշխանությունների և ոստիկանության ճնշումներին, գյուղացիները պատրաստվում են կրկին դուրս գալ փողոց՝ ի պաշտպանություն Սեդրակի։

«Երկու ամիսը թող լրանա, տենանք ինչ վճիռ են կայացնում, նոր՝ կան այդ պլանները, որ ճամփա փակենք, ցույցեր անենք», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG