Մատչելիության հղումներ

Ջավախահայ պատգամավորի թեկնածուն բողոքում է «Վրացական երազանքի» ճնշումներից


Արսեն Կարապետյան

Արսեն Կարապետյան

Հոկտեմբերի ութին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Սամցխե-Ջավախեթիում իշխանության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում ընդդիմադիր թեկնածուի համախոհների վրա, «Ազատությանը» հետ զրույցում պնդեց Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության պատգամավորի հայազգի թեկնածու, Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանը։

«Ես կարծում եմ, որ գործող իշխանությունը պարտվելու է այս ընտրությունները։ Ցավոք սրտի, փորձում է դիմակայել, որովհետև մենք արդեն նկատել ենք, որ արդեն ճնշումներ են գործադրում մեր ակտիվիստների վրա։ Անգամ փաստեր կան, որ սպառնացել են, ստիպել են մասնակցել հանդիպումների, միտինգների։ Կան նաև կասկածելի պահեր, երբ մեր համախոհների մերձավորները աշխատանքից դուրս են եկել։ Նաև փորձել են իրենց թիմին բերել Նինոցմինդայում իմ հավաքին», - ասաց Կարապետյանը։

Թեկնածուի խոսքով, ընտրություններին ընդառաջ Ջավախքում թիվ մեկ քաղաքական խնդիրը ընտրատեղամասերի վերակազմակերպումն է, ինչի արդյունքում Ախալքալակի շրջանի 17 գյուղեր միացվել են Բորժոմիի և Ասպինձայի ընտրատեղամասին։

«Դա շատ լուրջ խնդիր է և շատ է մտահոգում Ջավախքի ժողովրդին։ Որովհետև չի կարելի այդպիսի հարցերը, որոնք դարերով ստաբիլ են եղել, փոփոխել։ Երբ իշխանությունը միջամտում է նման հարցերին՝ անգամ ուշադրություն չդարձնելով մարդկանց կարծիքներին, դա մեծ զգոնություն է արթնացնում է տեղաբնիկների մոտ, ինչպես նաև՝ որպես ջավախքցի անձամբ ինձ մոտ», - նշեց թեկնածոըն:

Օրերս իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, մինչդեռ, պնդել էր, որ ընտրատեղամասերի վերակազմերպումը ոչ մի վտանգ չի պարունակում ջավախահայերի համար:

«Չէ, չէ, ոչ մի վտանգ էլ չկա, էս ընտրություններից հետո [17 գյուղերը] նորից Ախալքալակին են միավորվելու...», - «Ազատությանն» ասաց Մկոյանը:

Անդրադառնալով Ջավախքի սոցիալական խնդիրներին՝ պատգամավորի ընդդիմադիր թեկնածուն ասաց՝ դրանք նույնն են, ինչ ամբողջ Վրաստանում։ Պատգամավորի թեկնածուն ասում է՝ Ջավախքում կան բոլոր հնարավորությունները բոլոր այդ խնդիրները լուծելու համար, սակայն գործող իշխանության կողմից առնվազն անփութություն է 4 տարվա ընթացքում Ջավախքի գազամատակարարումը մեկ մետրով անգամ չավելացնելը, երբ նախորդ իշխանությունն 80 տոկոսով գազով ապահովել էր։

«Ջավախքի համար ամեն ինչ դեռ առջևում է։ Այն, ինչ արվել է մինչև այսօր, մեր իշխանության օրոք, թե ներկա իշխանության կողմից, շատ քիչ է Ջավախքի համար։ Այնտեղ մեծ պոտենցիալ կա գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման համար։ Շատ զբոսաշրջիկներ ուզում են տեսնել Ջավախքը, և դա մեծ հեռանկար է տեղացիների համար», - նշեց Արսեն Կարապետյանը:

XS
SM
MD
LG