Մատչելիության հղումներ

Թուրքիայում բացահայտվում են Հրանտ Դինքին սպանած Սամասթին հրահրած և աջակցած անձինք


Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց գործի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Մասնավորապես, ըստ Թուրքական «A Haber» հեռուստաընկերության, մեկ առ մեկ բացահայտվում են Դինքին սպանած Օգյուն Սամասթին հրահրած և աջակցած անձինք։ Հեռուստաընկերությունը հրապարակել է Դինքի սպանությանը օրը տարածքում գտնվող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում են Հրանտ Դինքը, Օգյուն Սամասթը և շրջակայքում գտնվող ժանդարմերիայի 6 նախկին աշխատակիցներ։ Վերջիններս, ի դեպ, կալանավորվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տապալումից հետո և մեղադրվում են գյուլենական կառույցին անդամակցելու մեջ։

Տարիներ անց հայտնաբերված տեսանյութից պարզ է դառնում, որ ժանդարմերիայի 6 նախկին աշխատակիցները, որոնք, ի դեպ, քաղաքացիական հագուստով են, գտնվել են սպանության վայրում, ուսումնասիրել են տարածքը և այնտեղից հեռացել սպանությունից հետո։

Կալանավորված սպաներից նշվում է Էմրե Ջինգյոզի անունը, որը Տրաբզոնից Ստամբուլ է եկել սպանության նախորդ օրը՝ հունվարի 18-ին, իսկ սպանության օրը սովորականից շատ՝ 322 հեռախոսային խոսակցություն է ունեցել։ Տրաբզոնից է նաև Դինքին սպանած Սամասթը։

Ի հայտ եկած փաստերի շնորհիվ բացահայտվել է ևս մեկ անուն՝ գյուլենական շարժմանը անդամակցելու համար կալանավորված թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին իրավախորհրդատու, գնդապետ Մուհարեմ Քյոսեն։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Քյոսեն Դինքի սպանության գործի ամենակարևոր դեմքերից է։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն, թուրքական «Իլերիհաբեր» լրատվականին տված հարցազրույցում խոսել է Դինքի սպանության գործում նկատվող առաջընթացի մասին։ Բաքըրջըօղլուն նշել է, որ ի հայտ եկած ապացույցները ցույց են տալիս, որ Տրաբզոնի և Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցները դեռևս 2006 թվականից տեղյակ են եղել հայազգի գործչին սպանելու ծրագրերի մասին։

Նա հայտնել է, որ հրապարակված տեսագրությունները գործին ավելի վաղ են կցվել և դրանց հիման վրա հուլիս ամսին համապատասխան անձինք կալանավորվել են։ Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ գործի հետաքննությունը պետք է առավել մանրակրկիտ կատարվի, որպեսզի բացահայտվի, թե ով կամ ովքեր և երբ են Դինքին սպանելու որոշում կայացրել, ովքեր են ներգրավված եղել այն իրականացնելու գործում։

Ուշագրավ է, որ Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Դինքի սպանության գործում արդեն առավել հաճախ են հիշատակվում ազդեցիկ կրոնական գործիչ Գյուլենի հետ կապ ունեցող անձանց անունները։ Հիշեցնենք՝ Թուրքիայի իշխանությունները հենց Միացյալ Նահանգներում բնակվող վտարանդի գործչին են մեղադրում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործի քննության շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է 27-ի, օգոստոսի սկզբին առաջին անգամ ժանդարմերիայի աշխատակիցներ էին ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG