Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում բացվել է ցուցահանդես:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, 12 ցուցապաստառներում ներկայացված է Նանսեն-Հայաստան մարդասիրական ու բարեկամական ամուր կապը: Լուսանկարները, որոնցում տեղ է գտել նաև Նանսենի 1925 թվականին Երևան կատարած այցը, Հայաստանի Ազգային արխիվի պահոցից են: Ներկայացված տեղեկատվությունը մատուցված է նաև անգլերենով:

Թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի խոսքով նպատակը նանսենյան անձնագրերով 20-րդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 320 հազար հայերի փրկած գործչի՝ Նանսենի հայանպաստ գործունեությունը նաև մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացնելն է:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը:

XS
SM
MD
LG