Մատչելիության հղումներ

Եթե երիտասարդ լինեի, ես կգնայի բանտ, բայց հիմա այդ տարիքում չեմ․ Այլիսլի


Աքրամ Այլիսլի, արխիվ
Աքրամ Այլիսլի, արխիվ

Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին հրավիրվել է դատախազություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Իրավապահները պնդում են, թե 79-ամյա Այլիսլին հարձակվել է ոստիկանների վրա ամիսներ առաջ, երբ նրան բերման էին ենթարկում Բաքվի օդանավակայանից՝ թույլ չտալով մեկնել Վենետիկի գրքի փառատոնին:

«Ես երբևէ դատախազությունում կամ ոստիկանությունում չեմ եղել :Բայց սա է կյանքը: Դուք գիտեք, թե ինչ է ասել Միրզա Ջալիլը (ադրբեջանցի դասական գրող) - մենք ողջ մնացինք, որպեսզի այս օրերը ևս տեսնենք: Ինձ դատարան պետք չէ: Ես կգնայի և բանտում կմնայի [ինքնակամ], բայց հիմա ժամանակը չէ: Ես այդ տարիքում չեմ: Ես հատուկ ռեժիմով եմ ապրում: Տարիքի պատճառով ես որոշակի հիվանդություններ ունեմ: Ես չեմ կարողանա ապրել այդ պայմաններում: Եթե երիտասարդ լինեի, ես կգնայի [բանտ]: Նազիմ Հիքմենթը բանտարկված է եղել, բանտում է եղել նաև Օրհան Փամուկը, Սոլժենիցինն այնտեղ տարիներ է անցկացրել :Ո՞վ չի բանտարկված եղել», - ասաց Աքրամ Այլիսլին:

«Մեզ կանչեցին դատախազություն, որպեսզի նորություններ հայտնեն քրեական գործից: Ոստիկանությունը գործը փոխանցել է դատախազությանը: Մեզ տեղեկացրին, թե ովքեր են այսուհետ պատասխանատու լինելու գործի համար․ նրանք են Ասիֆ Սաֆարալիևը և Ասագ Ասգարովը: Մենք չառարկեցինք, բայց ասացինք նրանց, որ մեր կարծիքով սա շինծու գործ է: Նրանք մեզ ասացին, որ հաջորդ շաբաթ կտեղեկացնեն առաջիկա ընթացակարգերի մասին», - ասաց Այլիսլիի պաշտպան Էլչին Սադիքովը:

Աքրամ Այլիսլին պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության ճնշման տակ հայտնվեց 2013 թվականին՝ «Քարե երազներ» վեպի լույսընծայումից հետո: Գրողին մեղադրում էին հայամետ լինելու մեջ՝ սպառնալով արտաքսել երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG