Մատչելիության հղումներ

Գերմանիան 58 միլիոն եվրոյի ներդրում կանի Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում


Գերմանական «Տորնադո» կործանիչները Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում, 21-ը հունվարի, 2016թ.
Գերմանական «Տորնադո» կործանիչները Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում, 21-ը հունվարի, 2016թ.

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է 58 միլիոն եվրոյի ներդրումը Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանի համար։ Այս քայլով Գերմանիան աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին որոշումը փոխելու մասին երեքշաբթի հաղորդել է Der Spiegel պարբերականը:

Նախարարությունն ավելի վաղ սառեցրել էր այս ներդրումը, որը նախատեսված էր Ինջիրլիքում նոր թռիչքուղի, հրամանատարային հենակետ և զինվորների հանրակացարան կառուցելու համար: Ներդրումը սառեցվել էր թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունների սրացման արդյունքում, երբ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Անկարան արգելեց գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք: Ըստ Der Spiegel-ի, ներդրումը հաստատվեց այդ խնդիրը մոտ ժամանակներում կարգավորելու նշանների ֆոնին:

Անցած շաբաթավերջին Չինաստանում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, թե պատգամավորների այցելության արգելքը վերացնելու ուղղությամբ «մոտ օրերս դրական լուրեր ստանալու ակնկալիք ունի», հիշեցնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը:

Թուրքական Daily Sabah-ը մանրամասնում է, որ Ինջիրլիքում Գերմանիայի 58 միլիոն եվրոյի ներդրման 30 միլիոնը ծախսվելու է ժամանակակից կենտրոնակայանի կառուցման, մնացածը՝ նոր թռիչքուղու և զինծառայողների կացարանների շինարարության վրա:

Ըստ պարբերականի, ներդրումը հաստատելու ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենն ասել է, թե հույս ունի, որ պատգամավորների այցը Ինջիրլիք շուտով տեղի կունենա:

«Կարծում եմ, որ պատգամավորների խումբը, որ պլանավորել է հոկտեմբերի սկզբին Ինջիրլիք այցելել, մեկնելու հնարավորություն կունենա»,- ըստ Daily Sabah-ի՝ ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG