Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են «Հըզբոլա»-ն, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Քաթարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորս կողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ:

Վերջին չարագուշակ զարգացումը թուրքական ներխուժումն էր Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, որը գրավված էր ԻԼԻՊ-ի կողմից: Սակայն, հակառակ թուրքական պրոպագանդայի, Թուրքիայի զինուժը Սիրիա չէր ներխուժել ԻԼԻՊ-ին դուրս մղելու համար, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերը Ջարաբլուսի վրա ռումբեր չեն նետել թուրքական զորքերի առաջխաղացումն ապահովելու համար՝ ըստ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղաշինության և իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսի: Ֆիլիպսը որպես ավագ խորհրդական և արտաքին հարցերով մասնագետ աշխատել է ԱՄՆ Պետդեպարտամենտում նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի պաշտոնավարության ժամանակ:

Թուրքիայի իսկական պլաններն էին կանխել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ») քուրդ զինյալների հետագա առաջխաղացումը, որոնք Միացյալ Նահանգների ամենավստահելի ռազմական դաշնակիցներն էին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, մինչդեռ Էրդողանը նրանց անվանում է YPG-ի «ահաբեկիչներ»:

Ֆիլիպսը The Huffington Post-ի իր հոդվածում բացահայտել է, որ «Թուրքական աջակցություն վայելող իսլամիստները երբեք չեն բախվել ԻԼԻՊ-ի հետ, այսպես կոչված, Ջարաբլուսի համար մղվող մարտում: Ներխուժումից առաջ, Անկարան գործարքի մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Դիմադրելու փոխարեն, ԻԼԻՊ-ի զինված ուժերը պարզապես փոխել են իրենց հանդերձանքը «Սիրիական ազատ բանակի» (FSA) համազգեստով: Ջարաբլուսը ԻԼԻՊ-ից «ազատագրվեց» գրեթե առանց կրակոցի»: ԻԼԻՊ-ը նախքան թուրքական ուժերի ներխուժումը Ջարաբլուսից տարհանել էր բոլոր քաղաքացիներին, որովհետև չէր ցանկանում, որ «խաղաղ բնակիչները ճանաչեին FSA-ի անդամների հանդերձանքով ԻԼԻՊ-ի ակտիվ զինյալներին», - գրել է Ֆիլիպսը:

«Զարմանալի չէ, որ Էրդողանը և ԻԼԻՊ-ը գործարք են կնքել: ԻԼԻՊ-ը և Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գաղափարակից են, քանի որ երկուսն էլ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության ճյուղերն են», - պնդում է Ֆիլիպսը: - «Չնայած պաշտոնական հերքումներին՝ մեծ թվով ապացույցներ կան, որ Թուրքիան 2014 թվականից ի վեր զենք և դրամական ու կազմակերպչական աջակցություն է տրամադրել իսլամիստներին Սիրիայում: Թուրքիան նաև նյութապես ապահովել է «Իսլամական պետությանը»՝ փոխադրելով նրա նավթը և այն վաճառելով միջազգային շուկայում: Ամեն ամիս մոտ 500 իսլամիստ զինյալներ շարունակում են Թուրքիայից տարանցիկ ճանապարհով փոխադրվել Սիրիա»:

Թուրք ղեկավարները ամենևին չեն թաքցնում իրենց իրական նպատակը: Էրդողանը հայտարարել է, որ ձգտում է հետապնդել YPG-ին և «մեր երկրին սպառնացող ահաբեկչական խմբերին»: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է, որ Անկարան կանի «անհրաժեշտ ամեն ինչ», որպեսզի քուրդ զինյալներին հեռու պահի Թուրքիայի սահմաններից:

Վաշինգտոնը գոհ չէ Թուրքիայի սխալ ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններից Սիրիայի հյուսիսում: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Բրեդ ՄըքԳըրքը ասել է CNN-ին. - «Թուրքերին երբեք չի հետաքրքրել Ջարաբլուսը՝ մինչև քրդերը ցանկացան հասնել այնտեղ»: Թուրքական հարձակումները քրդերի վրա ՄըքԳըրքը անվանել է «անընդունելի և խորը մտահոգության աղբյուր» Միացյալ Նահանգների համար:

Veterans Today-ի խմբագիրը ևս խստորեն քննադատել է թուրքական ներխուժումը Սիրիա, ինչպես արտացոլված է նրա ծաղրական բացատրությունում. - «Թուրքական զորքերը, որոնք տարիներ շարունակ եղել են Սիրիայում «ԻԼԻՊ»-ի հանդերձանքով, պարզապես գնացել էին տուն՝ Թուրքիա, մի լավ լողացել, սափրվել, հագել իրենց թուրքական համազգեստը, ապա վերադարձել Սիրիա»:

Սիրիացի զինյալ Սաադեդին Սոմաան, որ միացել էր թուրքական ներխուժմանը Սիրիայում, իր հիասթափությունն է արտահայտել The New York Times-ին՝ ԻԼԻՊ-ի և Սիրիայի կառավարության փոխարեն քրդերի դեմ պայքարի մեջ մոլորությամբ ներքաշվելու համար: «Բոլորը հետապնդում են իրենց սեփական շահերը, այլ ոչ թե Սիրիայի», - դժգոհել է Սոմաան:

The New York Times-ի հոդվածում ընդգծվում է, որ ապստամբ խմբերը ներքին պայքարների պատճառով «կարող են ուժեղ քննադատության ենթարկվել, որ նրանք, լավագույն դեպքում, թուրքական կամ ամերիկյան գործակալներ են, իսկ վատագույն դեպքում՝ ԻԼԻՊ-ի դաշնակիցներ»: Բացի այդ, «Թուրքիայի օդային հարվածներից 35 խաղաղ բնակիչներ էին սպանվել քուրդ զինյալների հսկողության տակ գտնվող գյուղերում: Իսկ համացանցում տեղադրված տեսանյութից երևում էր, թե ինչպես էին ապստամբները ոտքերով հարվածում բանտարկված քուրդ զինյալներին»: Որոշ զինյալներ, որոնք ուղեկցել էին թուրքական զորքերին Սիրիա ներխուժման ժամանակ, ինչպես «Նուրեդին ալ-Զինք»-ի անդամները, «մեղադրվեցին «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող խմբերի հետ կապեր ունենալու մեջ և խստորեն դատապարտվեցին, երբ մի խումբ զինյալներ տեսագրել էին իրենց կողմից երիտասարդ բանտարկյալի գլխատումը.... Իրենց մասնակցությունը Ջարաբլուսի գործողությանը վկայում է, որ նրանք բոլորովին չէին մեկուսացվում՝ առնվազն Թուրքիայի կողմից»:

Դեյվիդ Ֆիլիպսը եզրափակել է իր The Huffington Post-ի մերկացնող հոդվածը չարագուշակ կանխատեսմամբ. - «Սիրիան կլինի Էրդողանի Վաթերլոոն: Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է ինքն իրեն շղթայի Թուրքիայի խորտակվող նավին»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG