Մատչելիության հղումներ

Գինի և կոնյակ արտադրող ընկերություններից շատերը հայտարարում են, որ նախորդ տարվա խնդիրներից հետո այս տարի չեն կարողանա խաղող մթերել։ «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի խոսքով՝ իրենք դեռ 2011 թվականի արտադրանքն են սպառում։ Ընկերությունը գյուղացիներին միլիոնավոր դրամներ է պարտք և արդեն 10 ամիս է չի կարողանում վճարել։

«Եթե մենք անցած տարվա խաղողի համար չենք կարողանում վճարել, էս տարի․․․ Անցած տարի էլ ենք մենք հայտարարել, որ մենք մինչև հիմա 2011 թվականի գինի ենք վաճառում, երևի մի ամսից կավարտվի, կանցնենք, 2012 թվականին: Մինչև 2015 թվականին հասնենք, երևի մի հինգ տարի կտևի», - ասաց «Վեդի Ալկո» ընկերության տնօրենը:

Մանվել Ղազարյանն ասում է, որ գինի ու կոնյակ արտադրողներից շատերն են անելանելի վիճակում հայտնվել։ Նրա խոսքով, արտահանման ծավալները կտրուկ նվազել են։ Խնդիրը սրվեց նախորդ տարի Ռուսաստանում փոխարժեքի տատանումներից հետո: Արդյունքում, ըստ Ղազարյանի,չեն կարողանում ինչպես աշխատավարձ վճարել, այնպես էլ բանկերի տոկոսները մարել։

«Էն ժամանակ, որ մենք տարեկան վաճառում էինք մեկ միլիոն երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար շիշ գինի, հիմա մենք վաճառում ենք հինգ հարյուր հազար շիշ գինի», - ասաց Ղազարյանը:

Գյուղատնտեսության նախարարության վերջին տվյալներով, գործարանները խաղողագործներին 800, իսկ Խաղողագործների միության տվյալներով՝ 1 միլիարդ 500 միլիոն դրամից ավելի գումար են պարտք։ Գյուղացիները որպես բողոքի նշան պարբերաբար ճանապարհ են փակում, սեպտեմբերի 1-ին էլ Վայոց ձորի խաղողագործները դպրոցն էին փակել։

Արարատում ևս մթերված խաղողի գումարի միայն մի մասն է վճարվել։ Քաղցրաշենցիների խոսքով, «Վինար» ընկերությունն իրենց շուրջ 35 միլիոն դրամ է պարտք։ Գյուղացիներն ասում են, որ բողոքի ցույց են անում, որից հետո իրենց գումարի մի մասը վճարում են ու նորից ամիսներով մոռանում խնդրի մասին:

«Ոչ մի բան էլ չեն ասում: Դե գյուղում արդեն նախընտրական օրեր են, գյուղապետի ընտրություն է, մի քիչ խառնաշփոթ է, շատը զբաղված են էդ գործով, քան իրենց փողերով», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

«Վեդի Ալկո»-ի տնօրենն ասում է՝ նախորդ տարի իրենք խաղող մթերեցին կառավարության հորդորով ու հավատալով այն խոստումներին, թե պետությունն օգնելու է վերամշակողներին, մինչդեռ որևէ աջակցություն չստացան։ Գործարարը հարևան Վրաստանի օրինակն է բերում։

«Վրաստանում շատ ավելի էժան է խաղողը մթերվում, շատ ավելի էժան սպիրտ է: էնտեղ խաղողի ավելցուկը պետությունը գնում է, վերամշակում է ու էդ սպիրտը աճուրդով վաճառում է: Խաղող աճեցնողին արժեքի մի մասը պետությունն է վճարում, մի մասը՝ մթերողը», - ասաց գործարարը:

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի կարծիքով էլ՝ տնտեսության գերակա ճյուղ հռչակված խաղողագործությունն ու գինեգործությունն իրականում անուշադրության են մատնվել։ Նրա խոսքով, բացի Երևանի կոնյակի գործարանից մյուսները խաղողագործների հետ պայմանագիր չեն կնքում։ Միության նախագահը պետությանն առաջարկում է ոչ միայն խոսքերով սատարել գործարարներին ու խաղողագործներին, այլև իրական քայլերով։

«Եթե մենք կարողանանք համակարգել այս ոլորտը, օրինական պայմանագրային պարտավորություններով, օրենքով սահմանված կարգով, մենաշնորհների, կեղծված արտադրանքի դեմ աչք չփակելով՝ մեր առաջարկը կլինի այն, որ խաղողը Հայաստանի հանրապետությունում կգնվի, կվերամշակի, խաղողագործը կստանա իր համարժեք աշխատած գումարը, վերամշակողներն էլ կլինեն ավելի մրցունակ: Մեր կառավարությունը այս հարցի շուրջ պետք է ամբողջ տարվա ընթացքում մտածի», - նշեց Արտակ Սարգսյանը:

Նախորդ ամիս Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց Խաղողագործության և գինեգործության նորաստեղծ հիմնադրամի մասին, որի խնդիրը ոլորտը զարգացնելն է: Հիմնադրամի գործունեությանը, խաղողի պարտքերի ու մթերումների թեմային նախարարությունից խոստացան անդրադառնալ այս շաբաթ։

XS
SM
MD
LG