Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունն այսօր կայցելի Վրաստան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Բելգիա, 8-ը հունիսի, 2016թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Բելգիա, 8-ը հունիսի, 2016թ.

Մի քանի ժամից ՆԱՏՕ-ի ղեկավար կառույցի` Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ, կժամանեն Թբիլիսի:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Թբիլիսի է գալիս Վրաստանի կառավարության հրավերով` երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարները քննարկելու համար:

Այցի մեկնարկից առաջ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է. - «Սա գործող գլխավոր քարտուղարի երկրորդ այցն է Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված հանդիպումների ընթացքում մենք մի շարք թեմաների կանդրադառնանք: Չենք շրջանցելու նաև հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցը: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծում է, որ այդ ընտրությունները պետք է համապատասխանեն ամենաբարձր չափանիշներին»:

Այսօր արդեն Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ միասին կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքներին: Վաղը Հավլաբարում գտնվող իր նստավայրում Ստոլտենբերգին կընդունի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Եվ քանի դեռ վրացական իշխանությունները հույս են հայտնում, որ Ստոլտենբերգի այցը կնպաստի երկրի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարների հստակեցմանը, Վրաստանի քաղաքական դաշտի վետերաններից մեկը` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն համոզված է` Վրաստանը չպետք է անդամակցի որևէ ռազմաքաղաքական դաշինքի` լինի դա ՆԱՏՕ-ն, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):

Բուրջանաձեի ղեկավարած «Միացյալ Վրաստան-դեմոկրատական շարժում» կուսակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության Թբիլիսի ժամանելուց երկու օր առաջ ստորագրահավաք սկսեց՝ երկրի չեզոք կարգավիճակը օրենսդրորեն ամրագրելու պահանջով:

«Այնպես է ստացվել, որ մենք այսօր Վրաստանում գործող միակ քաղաքական կուսակցությունն ենք, որ իրականում ձգտում է ռուսական զորքերի դուրսբերմանը երկրի տարածքից, միակ կուսակցությունն ենք, որի համար առաջնահերթ նպատակը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է: Որովհետև այն մարդիկ, ովքեր դեմ են դաշինքներին չանդամակցելու մեր գաղափարին, կամա թե ակամա նպաստում են երկրի մասնատմանը», - նշել է Բուրջանաձեն:

Հավելենք, սակայն, որ Բուջանաձեի տեսակետը Վրաստանում մեծ ժողովրդականություն չի վայելում: Ամռանը ամերիկյան Ազգային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման արդյունքների համաձայն, Վրաստանի բնակիչների գերակշիռ մեծամասնությունը` 64 տոկոսը, կողմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

XS
SM
MD
LG