Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնին մտահոգում է ռուսների միջամությունն ընտրություններին


ԱՄՆ նախագահության թեկնածուներ դեմոկրատական Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահության թեկնածուներ դեմոկրատական Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը խիստ մտահոգություն է հայտնել նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների գործընթացին ռուսական կողմի հավանական միջամտության կապակցությամբ:

«Այն փաստը, որ մեր հետախուզական մարմիններն ամենայն լրջությամբ ուսումնասիրում են ռուսների միջամտության թեման, ինքնին խոսում է էական վտանգի մասին», - երեկ օդանավում լրագրողների հետ զրույցում ասել է նախկին պետքարտուղարը և ավելացրել. - «Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, նախկինում երբևէ օտարերկրյա որևէ տերություն չի փորձել դեր խաղալ մեր ընտրական գործընթացներում»:

Զարմանալի համակրանք Պուտինի նկատմամբ

Քլինթոնի փոխանցմամբ, իր մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, զարմանալի համակրանք է դրսևորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մոլորակի մնացած բռնապետների նկատմամբ և կա՛մ աշխատում է Ռուսաստանի հետ, կա՛մ, առնվազն, խրախուսում ռուսներին ամերիկյան ընտրություններին միջամտելու հարցում:

«Կարծում եմ, բավական ուշագրավ է այն, որ Թրամփի այդ ակտիվությունը սկսվել է թեկնածու դառնալու օրերից: Նա, փաստորեն, թութակի պես կրկնում է այն, ինչ ասվում է պուտինյան Կրեմլում: Մենք երբեք չենք ունեցել թեկնածու, ով ռուսներին կհորդորեր ավելի շատ հաքերություն անել»,- ասել է Հիլարի Քլինթոնը:

Նշված ակնարկը վերաբերում է հուլիսի կեսերին Թրամփի հայտարարությանը, որով նա հանդես է եկել այն բանից հետո, երբ մամուլը հաղորդել է դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրության կայքեջը հաքերների կողմից կոտրելու մասին լուրը:

«Ռուսաստան, եթե ինձ լոսում ես՝ հուսով եմ, որ դու կարող ես հայտնաբերել 30 հազար անհետացած նամակները»,- ասել էր Թրամփը, ով հետագայում պնդել է, թե դա ընդամենը կատակ է:

Մրցակից օտար պետության կողմից բխող սպառնալիք

Մինչդեռ, The New York Times պարբերականի համոզմամբ, Ռուսաստանում ենթադրում են, որ Թրամփի հնարավոր հաղթանակը Միացյալ Նահանգների համար կդառնա ապակայունացնող գործոն, ուստի այն ձեռնտու է ռուսական շահերի տեսակետից:

Լրագրողները Հիլարի Քլինթոնին հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանի գործողույունները կարելի է որակել որպես «կիբերպատերազմ»:

«Ես չեմ կարող հենց այնպես կիրառել «պատերազմ» եզրը: Կարծում եմ՝ ցանցահենությունը և ընտրարշավի վրա այլ մեթոդներով ազդելու մասին նախազգուշացումները կարելի է որակել որպես մրցակից օտար պետության կողմից բխող սպառնալիք», - ասել է Քլինթոնը:

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրել է «Բլումբերգին» Պուտինի տված հարցազրույցի վրա. - «Գուցե նկատեցի՞ք, Պուտինը դժվարությամբ էր հերքում ցանցահենության մասին պնդումը»:

«Կրիան ինքնուրույն սյան վրա չի մագլցի»

Ըստ Քլինթոնի, Ռուսաստանի նախագահն ու նրա շրջապատը, հավանաբար, կարծում են, որ հաքերների գործողություններից օգուտ կքաղեն: Նրա համոզմամբ, Ամերիկան պետք է զգոն լինի և պաշտպանի ընտրական համակարգի անվտանգությունը և բոլորին հասկացնի, որ չի հանուրժի որևէ օտար ուժի միջամտություն:

Հիլարի Քլինթոնը բացահայտ չի ասել, թե ռուսները ցանկանում են, որ Թրամփն ընտրվի Ամերիկայի նախագահ, փոխարենը հիշել է Արքանզաս նահանգում սիրված մի հին ասույթը. - «Երբ սյան վրա կրիա ես տեսնում, իհարկե, կռահում ես, որ կրիան ինքնուրույն չէր մագլցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG