Մատչելիության հղումներ

Օբաման չեղյալ է հայտարարել իր հասցեին հայհոյանք հնչեցրած Ֆիլիպինների նախագահի հետ հանդիպումը


Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել երեքշաբթի օրը Լաոսում նախատեսված հանդիպումը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ այն բանից հետո, երբ նախօրեին Դուտերտեն հայհոյանք է հնչեցրել ԱՄՆ նախագահի հասցեին:

Ի պատասխան՝ Դուտերտեն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, թե ցավում է, որ նախօրեին հնչեցրած իր խոսքերը «ընկալվել են որպես ԱՄՆ նախագահի հասցեին ուղղված անձնական վիրավորանք»:

Օբաման և Դուտերտեն Լաոս են մեկնում Արևելյան Ասիայի Գագաթաժողովին մասնակցելու, որի շրջանակներում էլ հենց նախատեսված էր երկու նախագահների հանդիպումը:

«Ես ինքնիշխան պետության նախագահ եմ, և մենք վաղուց այլևս գաղութ չենք», - նախքան Լաոս մեկնելը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Դուտերտեն՝ զգուշացնելով, որ թույլ չի տա Օբամային իրեն հարցեր ուղղել իր նախընտրական խոստման՝ թմրանյութերի դիլերներին առանց դատ ու դատաստանի ոչնչացնելու վերաբերյալ․ - «Դու պիտի հարգանք ցուցաբերես, ոչ թե պարզապես շպրտես այդ հարցերը», - «Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ, ասել է Ֆիլիպինների նախագահը և Օբամային հասցեին օգտագործել է մի արտահայտություն, որը կարելի է թարգմանել որպես «շան որդի»:

Անցած ամիս Ֆիլիպինների ոստիկանության պետ Ռոնալդ դելա Ռոզան հայտարարել էր, որ մայիսյան ընտրությունների արդյունքում հաղթած Դուտերտեի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին 7 շաբաթների ընթացքում երկրում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ավելի քան 1,800 մարդ է սպանվել:

XS
SM
MD
LG