Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդներին կրկին հորդորել է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել։

Չինաստանում տեղի ունեցած Մեծ քսանյակի գագաթաժողովին ունեցած ամփոփիչ ելույթում Էրդողանը անդրադարձել է վերջին շաբաթներին Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին և սիրիացի փախստականների ճգնաժամին։

Թուրքիայի նախագահը հիշատակել է անցած տարվա նոյեմբերին Անթալիայում կայացած G20-ի հերթական գագաթաժողովի մասնակից երկրների առաջնորդներին հղած կոչը՝ Սիրիայում 95 կմ երկարությամբ և 40 կմ հյուսիսից հարավ ձգվող անվտանգության գոտի ձևավորել և այդպիսով լուծել փախստականների ճգնաժամը։ Նշելով, որ վերոնշյալ առաջարկը հնչեցրել է նաև Հանչժոուի հավաքին, Էրդողանը փաստել է, որ այն կյանքի կոչելու համար ոչ մի երկիր էական քայլեր չի ձեռնարկել։ Նա հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտի ստեղծելու մասին առաջարկ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Խոսելով փախստականների ճգնաժամի մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուրջ 3 մլն սիրիացի ու իրաքցի է հյուրընկալել և շարունակելու է ապաստան տալ նրանց, եթե նույնիսկ դրսից օգնություն չստանա։ Նա համոզմունք է հայտնել, որ փախստականների հարցը հնարավոր չէ լուծել առանց տարածաշրջանում առկա խնդիրների՝ գլխավորապես Սիրիական ճգնաժամի լուծման։ Թուրքիայի նախագահը ընդգծել է՝ Սիրիայի խնդիրը շարունակում է մնալ արյունահոսող վերք աշխարհի համար։

Անդրադառնալով վերջին շաբաթներին Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության արդյունքներին՝ Էրդողանը այդ օպերացիան «վճռականության դրսևորում» է համարել։ Նա հայտնել է, որ թուրք-սիրիական Ջարաբլուս շրջանը արդեն մաքրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից և որպես հաջորդ նպատակակետ Չոբանբեյ շրջանն է մատնանշել։ Թուրքիայի նախագահի գնահատմամբ, երկրի սահմանները ահաբեկիչներից մաքրելուն ուղղված ռազմական գործողությունները հաջող և արդյունավետ են ընթանում։

Ուշագրավ է, որ Թուրքիայի քաղաքացիները ևս աջակցում են Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին։ Թուրքիայում անցկացված սոցիալական հարցման համաձայն՝ քաղաքացիների շուրջ 78 տոկոսը կողմ է երկրի սահմաններից դուրս իրականացվող օպերացիային։ Նույն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիների 90 տոկոսը չի վստահում ԱՄՆ-ին։ Փոխարենը նրանք վստահում են երկրի կառավարությանն ու նախագահին։ Թուրք քաղաքացիների 62 տոկոսը դրական է գնահատել վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած 65-րդ կառավարության վերջին 100 օրվա աշխատանքը։ Իսկ նախագահ Թայիփ Էրդողանի վարկանիշը էականորեն բարձրացել է։ Եթե վաղը Թուրքիայում նախագահական ընտրություններ անցկացվեին, արդյո՞ք կքվեարկեք Թայիփ Էրդողանի օգտին հարցին քաղաքացիների ավելի քան 71 տոկոսը «այո» պատասխանն է տվել։

XS
SM
MD
LG