Մատչելիության հղումներ

Հունաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Միջպետական հարաբերությունների զարգացման գործում հանրապետության նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը՝ նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի և Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեցող և մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսևորումներով արտահայտվող հայ և հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այդ տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը:

Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու Հայաստանի նախագահի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-հունական գործակցությունը զարգացնելու հնարավորություններին և առկա մեծ ներուժին:

XS
SM
MD
LG