Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործի քննությունը փորձաքար է, թե որքանով են մարդու իրավունքները պաշտպանվում Ղարաբաղում։

«Առաջին իսկ օրից ուշադրության կենտրոնում եմ պահում, հայտարարություններով հանդես եմ եկել, սա այն գործիքակազմն է, որը մենք կարող ենք օգտագործել, և տվյալ գործով բոլորովին վերջերս` ընդամենը 4-5 օր առաջ, հերթական հայտարարությունը կատարեցի՝ առաջարկելով տվյալ դեպքում դատախազությանը, պարզաբանել, թե ինչպես եղավ, որ նախնական մեղադրանքը առևանգումից փոխվեց խուլիգանության։ Երկու օր հետո դատախազությունը հրապարակեց իր պարզաբանումը։ Նույն հայտարարությամբ, ես հանձնառություն ստանձնեցի նաև իրավական գործընթացի վերջնական հանգուցալուծումից հետո վերջնական գնահատականներ տալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Հայկ Խանումյանին դաժան ծեծի էին ենթարկել այս հունիսի 6-ին՝ օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց, Ղարաբաղի նախագահական նստավայրի և կառավարության շենքերի անմիջական հարևանությամբ:

Թեև տեսախցիկների առկայությանը և Խանումյանի հայտարարությանը, որ ճանաչում է իրեն ծեծի ենթարկող առնվազն 8 հոգուն, սակայն, նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրեց միայն 4 անձի, ավելին՝ նրանց առաջադրված ծանր մեղադրանքը Ղարաբաղի դատախազությունը հետագայում վերաորակավորեց խուլիգանություն, ինչի արդյունքում այդ մարդիկ համաներմամբ ազատ արձակվեցին:

«Առևանգողները գիտակցել են, թե ինչ են անում, սակայն դա արել են առանց դիտավորության»

Թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի դատախազությունը մեղմեց ընդդիմադիր պատգամավորին առևանգած և դաժան ծեծի ենթարկած մարդկանց մեղադրանքները, իրավապահ մարմինը բավականին ուշագրավ բացատրություն է ներկայացրել՝ «առևանգողները, իհարկե, գիտակցել են, թե ինչ են անում, սակայն դա արել են առանց դիտավորության»:

«Անձը պետք է գիտակցի մարդուն առևանգելու, այսինքն` նրան իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հանգամանքը, և ցանկանա կատարել այդ գործողությունները: Տվյալ դեպքում մեղադրյալները գիտակցել են նշված գործողությունները կատարելու հանգամանքները, սակայն չեն ցանկացել տուժողին /Հայկ Խանումյանին/ պահել այլ վայրում, այսինքն` նրանց մոտ բացակայել է ուղղակի դիտավորության կամային հատկանիշը` ցանկանալը, որն էլ նշանակում է մարդուն առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայություն` սուբյեկտիվ կողմի բացակայություն, ուստի և առևանգման հանցակազմի բացակայություն», - նշված է Լեռնային Ղարաբաղի դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված պարզաբանման մեջ:

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենը, այնուամենայնիվ, դրական կողմ էլ է տեսնում: «Ողջունել եմ և շարունակելու եմ կարևոր համարել այն, որ կոնկրետ այս գործով առաջին մի քանի օրերի ընթացքում բավական թափանցիկ և բավական մատչելի էր քննչական մարմինը։ Գնահատելի կարելի է համարել նաև այն հանգամանքը, որ, օրինակ, դատախազությունը շատ բաց խոսեց հասարակության հետ և ասաց՝ «սա է փաստարկը, թե ինչու ենք մենք փոխել։ Թող հասարակությունը նաև գնահատի, մենք կտեսնենք նաև հասարակության գնահատականը, թե ինչպես է դա ընկալվում», - ասաց Ղարաբաղի օմբուդսմենը։

Հայկ Խանումյանը «ծիծաղելի» որակեց դատախազության պարզաբանումը: «Ընդհանրապես կարծում եմ, որ ամբողջ գործողությունները՝ ինձ ծեծելու, առևանգելու, այսպես ասած, պատժելու, մշակվել են Բակո Սահակյանի [Լեռնային Ղարաբաղի նախագահ] սենյակում և նրա համաձայնությամբ, ինչպես նաև գործի վերաորակավորման ամբողջ գործընթացը նույնպես տեղի է ունեցել նախագահականում, դատախազությունը և նախաքննական մարմինը ընդամենը կատարել են նախագահականի ցուցումները և կատարել են ոչ պրոֆեսիոնալ ձևով», - ասաց Խանումյանը։

Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ ՄԻԵԴ-ը Հայաստանին է ճանաչել պատասխանատու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում անհիմն է որակել Բակո Սահակյանի հասցեին հնչող մեղադրանքները:

XS
SM
MD
LG