Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիրները Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն առանց դաշինքի


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առանձին ցուցակներով մասնակցող ընդդիմադիրները ընդունում են՝ այսպես իրենց ձայները փոշիանում են, բայց նաև պնդում՝ փորձել են բանակցել դաշինքներ ստեղծելու նպատակով, սակայն բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տվել։

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պատրաստ են եղել այլ ուժի էլ սատարել, բայց դաշինքը իրենց մեղքով չէ, որ չի կայացել։

«Մենք կարող ենք հիմա ամեն տեսակի շահարկում անել, ամեն տեսակի մտքեր հայտնել այդ կապակցությամբ, բայց ես մեծ իմաստ չեմ տեսնում: Իհարկե, միգուցե, ասենք, պրոյեկտներին թույլ չեմ տվել մտնել դաշինքի մեջ, միգուցե ուժեր կային, որ ի սկզբանե ասում են՝ «մենք գնալու ենք միայնակ», դա էլ է, չէ՞, խնդիր՝ իսկ ինչո՞ւ, այսինքն՝ ի՞նչն է պրոբլեմը, եթե կարելի է միավորվել: Բայց այդպիսի ուժեր կային», - նշեց Զուրաբյանը:

Թեև ընդդիմադիրները պնդում են, որ իրենց մրցակիցները իշխանության ներկայացուցիչներն են, բայց թեկնածուների մեծամասնությունը հենց ընդդիմադիրներ են։ Օրինակ Գյումրիում 7 ընդդիմադիր ուժ է թեկնածու առաջադրել, իսկ Վանաձորում 6: Վերջինում ընդդիմադիր դաշտի ազդեցիկ թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն է, ով կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է։

Էդմոն Մարուքյանն այսօր անկեղծացավ՝ բանակցել են «Քաղաքացիական պայմանագիր», Հայ ազգային կոնրես, «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունների հետ, բայց միավորվել չի ստացվել։

«Նաև՝ ամբիցիաներ, այո, նաև՝ չհիմնավորված ամբիցիաներ, որ, ասենք, «դուք գիտե՞ք՝ մենք ինչ հզոր ենք այստեղ»: Բնականաբար, ամսի 2-ին, կամ 2-ի գիշերը՝ 3-ին, երևալու է, թե ով որտեղ ինչքան է հզոր, մեզ պետք չէ երկար սպասել դրան», - «Ազատության» հետ զրույցում նշեց պատգամավորը:

Գյումրիում էլ ընդդիմադիրներին միավորելու նպատակով բանակցություններ է վարել նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը։ Քաղաքական ուժի խոսնակ Արմենուհի Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մի քանի ամիս հանդիպումներ են անցկացրել։

«Գլխավորը, որը կարող եմ մատնանշել, դա այն է, որ 2017 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունները որոշեցին ստուգարք անցկացնել, չափել իրենց պոտենցիալը, ռեսուրսը՝ թե ինչ ունեն իրենք 2017-ի շեմին, արժի՞ արդյոք մասնակցել խորհրդարանական ընտրություններին թե չարժի», - ասաց Արմենուհի Վարդանյանը:

ԳԱԼԱ-ում վստահ են, որ իրենց հաղթելու շանսերը մեծ են, մրցելու են բոլոր թեկնածուների հետ, ընդդիմադիրների չմիավորվելը դժբախտություն չեն համարում: Կուսակցության խոսնակը ասաց, որ համագործակցել հնարավոր է ընտրություններից հետո։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում էլ պնդում են, որ հենց սկզբից էլ որոշել էին առանձին ցուցակով հանդես գալ, այլ ուժերի հետ դաշինք կազմելու նախաձեռնությամբ իրենք հանդես չեն եկել, միայն հրավերով են մասնակցել քննարկումներին։ Կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ առանձին մասնակցելով իրենք նաև սեփական թիմն են ուժեղացնում։

«Մենք պետք է պնդենք, որ թիվ մեկ ընդդիմությունը մենք ենք և պիտի մեր կազմով մենք գնանք ընտրությունների: Դաշինքները, եթե նայում ենք մեր քաղաքական նորագույն պատմության շրջանում, չենք կարող մատնանշել որևէ դաշինք, որը որ մինչև վերջ արդարացրել է այդ ֆորմատը և հասել է ինչ որ շոշափելի արդյունքի: Շատ դեպքերում նույնիսկ, եթե ինչ-որ վերապահումներով հաղթանակներ շոշափվել են, ապա անմիջապես սկսվել է դափնիների բաժանման պրոցեսը, որը բերել է փլուզման այդ դաշինքի», - ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը:

ՔՊ վարչության անդամն ասաց, որ իրենց թիվ մեկ մրցակիցը իշխող կուսակցությունն է, բայց մրցակից են նաև մյուս, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը։

«Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես իր թեկնածուներին է առաջադրել: Կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե որոշել էին դաշինքով չգնալ ՏԻՄ ընտրությունների, քանի որ, նրա խոսքով, ընդդիմադիր եռյակի տապալումից հետո իրենց տառապանքը փորձ ունի, որոշել են տեսանելի ապագայում, այդ թվում նաև՝ խորհրդարանական ընտրություններում դաշինքներ չկազմել։

«Իսկզբանե մենք ասել ենք, որ որևէ քննարկման ընդդիմադիր ալիանս ստեղծելու չենք մասնակցելու, որվոհետև ես շատ լավ գիտեի, թե ինչով են ավարտվում նման կարգի քննարկումները: Ես անգամ գրազ էի եկել, որ թե Վանաձորում, թե Գյումրիում ընդդիմադիր որևէ դաշինք չի ձևավորվելու և այդպես էլ եղավ: Որովհետև ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից ամեն մեկը մյուսին մեղադրելու է բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ», - ասաց Զոհրաբյանը:

Ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերն էլ պնդում են, որ դաշինք ստեղծելու փորձերը իրենց պատճառով չէ, որ ձախողվել են։

Ընդդիմադիրները վստահ են, որ լավ աշխատելու դեպքում հաջողության կհասնեն: Բոլորն էլ իրենց թեկնածուի հաղթանակի շանսերը բարձր են գնահատում։

XS
SM
MD
LG