Մատչելիության հղումներ

logo-print

Ինչու՞ մարդ ակնթարթ և ոչ մարդ հավերժություն՝ հարցնում է բանաստեղծ Հրաչյա Թամրազյանն ու պատասխանում՝ որովհետև ակնթարթն է հավերժության բաբախը։

Այս հավերժության ճամփով էլ գնաց անվանի գիտնական, բանաստեղծ, թարգամանիչ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը: Բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների ու գիտական մենագրությունների հեղինակ՝ 63-ամյա Թամրազյանը մահացավ ծանր հիվանդությունից հետո։

«Ես իրեն համարում եմ այն բանաստեղծներից, որոնք հայերենի օրգանիզմի մի մասն են, ասենք՝ սիրտը․․․ այնքա՜ն ինքը միահյուսված էր իր լեզվին։ Հրաչյա Թամրազյանը հայերենի բացառիկ զգացողություն ուներ և միաժամանակ հայերենի վարպետ էր, հայերենը կռող, կոփողներից մեկն էր, հայերենի դարբիններից մեկն էր», - ասում է Թամրազյանի գրչակից ընկեր Հակոբ Մովսեսը:

Հրաչյա Թամրազյանը բանաստեղծությունն աղոթքի հետ էր համեմատում, ասում էր՝ գրողը հոգևոր առաքելություն ունի և ապագայի համար պիտի նոր սերմեր գցի։ Բանաստեղծություններից բացի, Թամրազյանը նաև բազմաթիվ գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ է հեղինակել, առավելապես՝ միջնադարագիտության և Նարեկացու աշխատանքների վերաբերյալ։

«Իր ոլորտներում, օրինակ նարեկացիագիտության մեջ հիմնաքարային բաներ է ստեղծել: Առանց Հրաչյա Թամրազյանի ուսումնասիրությունների այլևս նարեկացիագիտությամբ զբաղվելը որևէ մեկի համար թերի կլինի», - ասում է Հակոբ Մովսեսը:

1977-ից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող Թամրազյանը 2007 թվականին ստանձնեց Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ Գիտական այս հաստատության տնօրենի խորհրդական Արա Խզմալյանի խոսքով՝ Թամրազյանը երազում էր հին ձեռագրերի պահոցի նոր մասնաշենքի ու Արցախի մասնաճյուղի բացման մասին։ 2011-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը, որին մասնակցում էր նաև Հայաստանի նախագահը: Մասնաշենքի օծման արարողությունը միաժամանակ իրականացրեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

«Նրա համար անհնարին ոչինչ չկար, և երկու երազանքն էլ արագ իրականություն դարձան»,- պատմում է Խզմալյանը, - «Մատենադարանի նոր շենքի կառուցումը ամբողջապես վերահսկեց, ամեն օր եղավ, ամեն քարի գլխին կանգնեց այդ շենքի կառուցման ժամանակ: Մատենադարանի միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի մասնաճյուղի հիմնումը, որ արդեն խնդիրներ ունենալով հանդերձ՝ ամեն ձեռագրի գլխին կագնեց: Մենք հոգնում էինք, մենք տրտնջում էինք, մենք այլևս չէինք կարողանում աշխատել, բայց նա առավոտից երեկո եղավ այնտեղ և պատրաստեց այդ ցուցադրությունը՝ մտածված, հագեցած, և մեծ ծրագրեր էր կապում Արցախի մասնաճյուղի հետ: Մատենադարանի երիտասարդները տնօրեն չեն կորցրել՝ կորցրել են ծնող»:

Հրաչյա Թամրազյանը լավատես էր ու իր լավատեսությամբ նաև շրջապատողներին էր վարակում՝ ասում է Արա Խզմալյանը․ - «Մարդ էր, որը չէր տարբերում իր անձնական կյանքը, իր անձնական գործը երկրի շահերից ու պետության հեռանկարներից: Մնաց զուսպ, համեստ, առանց ավելորդ խոսքերի, առանց հայրենասիրական պաթոսի, բայց իր ամբողջ նկարագրով, իր ամբողջ գործով եղավ ամենաճշմարիտ հայրենասերը»:

«Նրանք, ովքեր շփվել են Հրաչի հետ թեկուզ 10 րոպե, թեկուզ 10 վայրկյան, անպայման տպավորված են եղել իրենով, որովհետև մի անզուգական խաղաղություն կար էդ մարդու մեջ, որ ունակ էր անմիջապես նաև քեզ պարուրել: Եվ այդ խաղաղությունը նրա ոճի մեջ էր, տեսքի մեջ էր, պահվածքի մեջ էր․․․ և ակամա կարոտախտ էր ծնվում քո մեջ, թե ինչպիսին են եղել մեր ազնվականները, մեր իշխանները հին-հին ժամանակներում», - հիշում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Կյանքի առեղծվածը դեռ չենք բացահայտել, սակայն ինձ թվում է՝ ամեն ինչ մարդու մեջ է և՛ կյանքի առեղծվածը, և՛ կյանքի իմաստը», - ասում էր Հրաչյա Թամրազյանը:

XS
SM
MD
LG