Մատչելիության հղումներ

Նոր Հարկային օրենսգրքի նախագիծը մտահոգում է մասնագետներին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում քննարկում է Հարկային օրենսգրքի նախագիծը, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում քննարկում է Հարկային օրենսգրքի նախագիծը, արխիվ

ԱԺ-ում աշնանային նստաշրջանի ընթացքում սպասվում են Հայաստանի քաղաքական ու հատկապես բիզնես շրջանակներում մեծ դժգոհություն առաջացրած՝ Հարկային նոր օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումները: Չնայած օրինագիծը բուռն քննադատությունների ենթարկվեց, երեք ամիս առաջ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ինչից հետո խոստումներ հնչեցին, որ երկրորդ ընթերցումից առաջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ կլինեն, և առաջարկությունների միջոցով հնարավոր կլինի լրամշակել այն:

Այդուհանդերձ, նախագծով մտահոգված մասնագետները լուրջ կասկածներ ունեն, թե նախագծի մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ իրենց առաջարկները տեղ կգտնեն փաստաթղթում: «Ազատության» հետ զրույցում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը նշեց, որ ավելի քան 200 առաջարկ է ներկայացրել, սակայն վերջին երեք ամիսների ընթացքում պետական կառույցներից որևէ արձագանք չի ստացել:

«Քննարկումներ գնում են, բայց ինչ հիմնավորումներով, ինչ մոտեցմամբ է վերանայվելու շրջանառության հարկի շեմը կամ եկամտային հարկի դրույքաչափերը, անհասկանալի է: Կհրավիրեն, ինձ թվում է, քննարկման, կասեն մեկ-երկու օրում առավել կարևոր հարցերը ասեք, այդ հարցերը կասվեն, կլսեն, արձագանք չի լինի, ու իմ կարծիքով նորից կդրվի քվեարկության», - ասաց Փայլակ Թադևոսյանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, Պետեկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «նախատեսվում է աշնանը Ազգային ժողով ներկայացնել նախագծի լրամշակված տարբերակը»:

Մի քանի օր առաջ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետն ասել էր, որ ստացված բազմաթիվ առաջարկությունները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա: Աբրահամյանն ընդգծել էր՝ «ինտենսիվ քննարկումները և ներկայացված առաջարկությունների ընդունումը կնպաստեն հարկային դաշտի բարելավմանը, բիզնեսի համար թափանցիկ, մրցակցային դաշտի ամրապնդմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանը»:

Օրինագծի ընդդիմախոսները, սակայն, պնդում են, որ փաստաթուղթը պետք է ոչ թե լրամշակել, այլ արմատական փոփոխությունների ենթարկել, հակառակ դեպքում ՝ այն ոչ միայն սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ կստեղծի, այլև կոռուպցիոն նոր ռիսկեր կառաջացնի:

«Որքան որ ենթադրում եմ, կառավարությունում քննարկումների ընթացքում միգուցե քննարկվում են ավելի գլոբալ հարցեր՝ պետական բյուջեի եկամտային առումով, բայց օրենսգրքում բազմաթիվ դրույթներ կան, որ եկամտային հարց չեն լուծում, բայց հնարավոր խնդիրներ են առաջացնելու հարկ վճարողների համար: Դրանք բազմաթիվ են: Ամենահասարակ բանը՝ ցանկացած ստուգման ընթացքում հնարավորություն է ընձեռվում հարկ վճարողի համակարգիչը առգրավել», - նշեց Թադևոսյանը:

Նա հավելում է՝ խնդրահարույց այդ փաստաթղթի հեղինակները մինչև հիմա չեն հստակեցրել անգամ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են լուծվելու այս փոփոխություններով․ - «Գրված է, որ շուրջ 240 հարց է կարգավորվելու: Երբ որ հարց է առաջանում՝ որոնք են այդ հարցերը, ցանկ որևէ այդպիսի չկա: Հետևաբար ամեն տարի փոփոխություններ անել, ասել՝ լավացնում ենք, լավացնում ենք, բայց արդյունքը կարծես թե նույնն է մնացել»:

Մասնագետները շարունակում են պնդել՝ նախագծով առավելապես թիրախավորվում են եկամուտը չթաքցնող, միջին խավին պատկանող մարդիկ: Նախագծի ընդունման դեպքում նրանց աշխատավարձից եկամտահարկի պահումները կավելանան 2-7 տոկոսով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենք ևս խնդրի հետ կապված մտահոգություններ են ներկայացրել կառավարությանը, սակայն ակնկալիքները մեծ չեն:

«Սակարկվել է հենց բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններ շահերը: Բնական է, որ օլիգարխները որևէ բարձր վարձատրվող ստրուկտուրաներ չունեն, իրենց մոտ կանխիկ է, կամ չի երևում էդ բաները: Եվ, ըստ էության, հարվածի տակ ընկնում են մաքուր, հարկերը մուծող մարդիկ, դրանով իսկ ըստ էության հարված է հասցվում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների իմիջին», - ընդգծեց Վարդանյանը:

Նա վստահ է, որ օրինագծի ընդունման դեպքում, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կապացուցեն, որ սեփական շահը ստորադասում են միջազգային ճնշումներին: Միաժամանակ նա հիշեցնում է՝ դրանով հանրությանը նորից կստիպեն դուրս գալ փողոց:

«Ես գիտեմ, որ միջազգային կառույցների ճնշումները կառավարության վրա շարունակվում են, բայց ես հուսով եմ, որ հասարակությունը ադեկվատ ճնշում գործի կառավարության վրա ներքևից, որպեսզի այդ միջազգային ճնշումները չաշխատեն», - ասաց Կարեն Վարդանյանը:

Նոր ՀՕ-ն խոչընդոտելու է տնտեսության զարգացմանը, զգուշացնում են նաև բիզնես ասոցիացիաները: Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը «Ազատությանը» փոխանցեց, որ առաջիկա օրերին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Հարկային օրենսգրքի նախագծի այլընտրանքային տարբերակ կներկայացնեն, որը, ըստ Ջրբաշյանի, բյուջետային մուտքերն ավելացնելու ավելի մեծ հնարավորություն կտա, քան կառավարության առաջարկած նախագիծը:

XS
SM
MD
LG