Մատչելիության հղումներ

Պուտինի կարծիքով, Ռուսաստանի հաջորդ նախագահը պետք է լինի «բավական երիտասարդ, բայց հասուն թեկնածու»


Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում:

Չորս տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո երրորդ անգամ Կրեմլ եկած Պուտինն այդ մասին ասել է «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Այժմ մենք կանգնած ենք խորհրդարանական ընտրությունների շեմին, պետք է դրանք հաղթահարենք, նայենք արդյունքներին: Հիմա խիստ վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին, ավելին, ժամանակակից, շատ արագ փոխվող աշխարհում այդ մասին խոսելն ուղղակի վնասակար է», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդը միևնույն ժամանակ նշել է, թե ինչպիսին պետք է լինի իր հետնորդը, եթե ինքն, այդուամենայնիվ, որոշի չառաջադրվել:

«Կարծում եմ՝ հաջորդ նախագահը պետք է լինի բավական երիտասարդ, բայց հասուն թեկնածու», - ասել է նա: Հստակ անուններ չնշելով՝ Պուտինը խոստացել է ժառանգորդին փոխանցել Ռուսաստանի զարգացման իր տեսլականը, - «Ես և իմ գործընկերները՝ նախագահական վարչակազմը, կառավարությունը, արդեն աշխատում ենք Ռուսաստանի տնտեսական զարգացման տեսլականի վրա, որը կփոխանցենք 2018-ից հետո և հաջորդ նախագահի կամ կառավարության իրավունքն է՝ ընդունել այն, թե ոչ»:

«Բլումբերգ»-ի թղթակիցը հետաքրքրվել է նաև՝ ո՞րն է Պուտինի քաղաքական երկարակեցության գաղտնիքը: Վլադիմիր Վլադիմիրովիչը պատասխանել է՝ ոչ մի գաղտնիք էլ չկա, ինքն ընդամենը որսում է մարդկանց տրամադրությունները, առաջնորդվում է նրանց կարիքներով ու նախասիրություններով՝ առանց սին խոստումներ տալու:

Սեպտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ Պուտինը նաև մեկնաբանել է՝ ինչու է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշը կտրուկ անկում ապրել: «Լևադա» կենտրոնի վերջին հարցման համաձայն, անցած չորս ամսում իշխող կուսակցության վարկանիշը նվազել է ավելի քան տասը տոկոսով. եթե ապրիլին «Եդինայա Ռոսիայի» օգտին պատրաստ էր ձայն տալ ռուսաստանցիների 42 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 31-ի: Պուտինը արձագանքել է՝ ոչ թե իրենք են թերացել, այլ ընտրություններին մասնակցող ուժերն են շատացել: - «Հիմա բազմաթիվ կուսակցություններ կան, որ հեռուստացույցով, զանգվածային լրատվամիջոցներով քննադատում են իշխանությանը: Իհարկե, նրանք չեն ասում՝ ինչ է պետք անել, որ ավելի լավ լինի, խոստումներ են տալիս, որ անգամ մակերեսային գիտելիքներ ունեցողին են թվում ոչ իրատեսական կամ ընդհանրապես անիրագործելի, բայց փոխարենը նրանք շատ լավ են նայվում էկրաններին, շատ լավ հայհոյում ու անվանարկում են իշխանությանը», - ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG