Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կարևորում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր ավանդական դասախոսությամբ հանդես գալով Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:

Նախարարը խոսել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, հանգամանալից անդրադարձել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, ինչպես նաև միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերատակարությանը։ Այդ համատեքստում նա կանգ է առել 2015 և 2016 թվականներին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին:

Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական գործակցության զարգացման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Նա անդրադարձել է տարբեր միջազգային կառույցներում և գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG