Մատչելիության հղումներ

ՀԱՕԿ-ը բողոքարկելու է Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը


Հրաչյա Ռոստոմյան, արխիվ

Հրաչյա Ռոստոմյան, արխիվ

Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր նաև հայտարարեց, թե մարզիկներն ու մարզիչները ՀԱՕԿ-ից թաքցրել են օլիմպիադային այդպես էլ չմասնակցած, սակայն, Ռիո մեկնած հայ մարզիկների՝ վնասվածներ ունենալու փաստը, ինչը «մանրակրկիտ կերպով քննարկելու են»:

Հայաստանի օլիմպիական կոմիտեն Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում կբողոքարկի Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի պարտությունը՝ փորձելով արծաթի փոխարեն ոսկե մեդալը ստանալ: Այսօր այս մասին հայտարարեց օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Մենք այնտեղ լուրջ խնդիրներ ունենք, կապված այն բանի հետ, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, բայց պասիվությունն ինքն իրենով մրցավարների սուբյեկտիվ որոշումն է: Մենք իրավաբաններ ենք վարձել, միջազգային: Հայ չեն, ի դեպ, ասեմ: Նրանք հիմա աշխատում են այդ ուղղությամբ: Երբ իրենք կտան իրենց եզրակացությունը, թե մենք ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»,- լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտարարեց Ռոստոմյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակիչ մենամարտում ոսկե մեդալը վիճարկում էր սերբ մրցակցի հետ պայքարում: Մենամարտի ավարտին գրանցվեց 1-1 հաշիվ, և քանի որ սերբ մարզիկը վերջինն էր միավոր վաստակել, մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին: Հայ մարզիկը պնդում է, որ ինքն անարդար մրցավարության արդյունքում է պարտվել, մինչդեռ՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն իր կայքում նշել էր, թե «Հարությունյանը փոխչեմպիոն է դարձել գեղեցիկ և համառ պայքարում»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը Բրազիլիայի ամառային օլիմպիական խաղերում վաստակեց 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Օլիմպիական կոմիտեի քարտուղարն այս արդյունքը գոհացնող է համարում՝ «Բնականաբար, մենք կարող էինք անել ավելին, եղան բացթողումներ, եղան այնպիսի բաներ, որ մեր վերահսկողուոթյունից դուրս էին, օրինակ՝ Անդրանիկի ձեռքը․․․ուղղակի նոնսենս էր»:

Չնայած, որ հայտարարվել էր, թե այս օլիմպիադային Հայաստանից մասնակցում է ռեկորդային թվով մազիկներ՝ 33 հոգի, այդուհանդերձ, նրանցից երկուսն այդպես էլ ասպարեզ դուրս չեկան: ՀԱՕԿ-ի քարտուղարն ասաց, որ պատճառը վնասվածքներն են եղել: «Վնասվածքներ են եղել, որոնց մասին մեր մարզիկներն ու մարզիչները, այսպես ասած, թաքցրել են, դա մենք հետագայում ավելի մանրակրկիտ կքննարկենք, մեր գործկոմի նիստից հետո այդ հարցերին ևս կպատասխանենք»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

20-ամյա դադարից հետո Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով մարզվում է կիսավեր մարզադպրոցում: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն ասաց, որ այդ մարզադպրոցը Գյումրիի տեղական մարմինների վերահսկողության ներքո է, իսկ օլիմպիական կոմիտեն, հաջորդ տարի Հայաստանի սպորտային մայրաքաղաքում կբացի նոր մարզական կենտրոն՝ «Գյումրիում այժմ կառուցվում է ժամանակակից մարզակենտրոն, որտեղ լինելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, սամբո-ձյուդոյի կենտրոններ»:

Մամուլում քննարկման առարկա էր դարձել նաև 31-րդ օլիմպիական խաղերին ծանրամարտիկ Առաքել Միրզոյանի մասնակցությունը, ով իր ելույթներն այդպես էլ ավարտին չհասցրեց: Նույն քաշային կարգում հանդես եկող Աղասի Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էլ, որ 85 կգ քաշային կարգում ինքն է լավագույնը, իսկ Միրզոյանը օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն է ստացել անարդար պայքարի շնորհիվ: Նշենք, որ Առաքել Միրզոյանի հայրը օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանն է: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր ասաց, որ իրենք «ծանոթ-բարեկամ» սկզբունքով հարցեր չեն լուծում, պարզապես Միրզոյանն ավելի լավ հնարավորություններ ուներ՝ «Առաքելի մոտ պրոգրես կար․․․»:

Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի գնահատմամբ, Ռիոյի օլիմպիական խաղերը շատ թերի էին կազմակերպված՝ խնդիրներ կային անվտանգության հետ կապված, որոշ դեպքերում էլ՝ մարզական համալիրների շինարարությունն ավարտված չէր:

Հայ օլիմպիականների պարգևատրումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, բացի պետության կողմից տրվելիք պարգևներից, մեդալակիր մարզիկներին, ըստ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի, անակնկալ կմատուցի նաև Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

XS
SM
MD
LG