Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնել են դեպի Եվրոպա գազ արտահանելու հարցում․ Միլլեր


«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլեր, արխիվ

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլեր, արխիվ

Թուրքիան պաշտոնապես կթույլատրի Ռուսաստանին իր տարածքով գազ մատակարարել Հարավային Եվրոպայի պետություններ՝ նախևառաջ Հունաստան: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտոնական TACC գործակալությունը` մեջբերելով «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերը:

«Անկարան հնարավորություն կտա «Թուրքական հոսք» գազատարով մատակարարվող վառելիքը հասցնել մինչև Հունաստանի և Թուրքիայի սահման», - նշել է Միլլերը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքով էլ՝ արդեն հաջորդ ամիս Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունները կհամաձայնեցնեն «Թուրքական հոսք» գազատարի առաջին հատվածի շինարարության մանրամասները:

«Երկկողմ աշխատանքային խումբը առաջիկա շաբաթներին մշակելու է թուրք - ռուսական միջկառավարական համաձայնագրի տեքստը», - նշել է Նովակը: Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում կողմերը ձեռնամուխ կլինեն «Թուրքական հոսքի» առաջին խողովակաշարի շինարարությանը, որով տարեկան 15.75 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարվի թուրքական շուկա:

«Չի բացառվում, որ հետագայում կողմերը նախաձեռնեն երկրորդ խողովակաշարի շինարարությունը, որի թողունակությունը չի զիջի առաջինին», - նշում է TACC-ը:

XS
SM
MD
LG