Ըստ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, ընտրողների ցուցակի հրապարակումն, իհարկե, ընտրակեղծիքների որոշակի խմբի դեմ պայքարի հնարավորություն է տալիս, բայց դա «ավելի շատ բացահայտման միջոց է, ոչ թե կանխարգելման, քանի որ մատնահետքերն ու նախագրանցումը կանխարգելիչ ազդեցություն ունեն»:
Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները վերջին օրերին քանիցս հայտարարել են, որ ժամանակի սղության պատճառով գործնականում անհնար է կյանքի կոչել 4+4+4 ձևաչափով բանակցությունների ընթացքում ընտրությունների վերահսկման մեխանիզմների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Խոսքը, մասնավորապես, ընտրողների մատնահետքերի նախագրանցման մասին է: Դրանից հետո ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակում, իբրև այլընտրանք, դեմ չեն քննարկել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման հնարավորությունը: Հիշեցնենք, ավելի վաղ հենց դա էր ընդդիմության հիմնական պահանջը:
Դանիել Իոաննիսյանը վստահ է՝ իշխանություններն ի սկզբանե անում էին ամեն ինչ՝ որ տապալեն վերահսկման մեխանիզմների ներդնումը: «Հակառակ պնդումները կարող էին լինել համոզիչ, եթե մինչ այդ իշխանությունները չձեռնարկեին բազմաթիվ փորձեր՝ տապալելու դրանք: Նախ բանակցային փուլում բազմիցս փորձում էին տապալել: Միջազգային ճնշումների ներքո, ի վերջո, ստիպված եղան ստորագրրել համաձայնագիրը:
Հետո, երբ համաձայնագիրը ստորագրված էր, իրենք փորձեցին արհեստականորեն բարձրացնել անհրաժեշտ գումարի չափը, եթե իրականում 13 մլն էր անհրաժեշտ, իրենք ասացին՝ 16 միլիոն է անհրաժեշտ․ գումրաը չի հերիքում, դրա համար էլ չենք կարողանում: Դա էլ չօգնեց, որովհետև միջազգային հանրությունը ասաց՝ բարի, մենք պատրաստ ենք տրամադրել 18 միլիոն, միայն թե դա արեք: Այդ մի հնարավորությունն էլ իշխանությունը կորցրեց: Ի վերջո, լեհական կազմակերպության վրա հղում անելով, ասացին՝ կներեք, տապալվեց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Իոննիսյանը: