Մատչելիության հղումներ

Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցության ցավակցական ուղերձներ են հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահը


Հրաչյա Թամրազյան

Հրաչյա Թամրազյան

Մատենադարանի տնօրեն, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ այսօր Թամրազյանների ընտանիքին ցավակցական նամակ է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառի ցավակցագրում, մասնավորապես, ասված է․ - «Գրական և ստեղծագործական բեղմնավոր կյանք ապրեց հոգելույս Հրաչյա Թամրազյանը՝ աստվածապարգև իր շնորհներով հարստացնելով հայ գրականության ու մշակույթի գանձարանը: Նրա հեղինակած մեկ տասնյակից ավելի բանաստեղծությունների ժողովածուները, թարգմանությունները, հայագիտական ուսումնասիրությունները, հատկապես նարեկացիագիտությանը նվիրված մենագրությունները, և գրականագիտական բազմաթիվ հոդվածները խոսուն վկայություններն են անվանի մտավորականի և շնորհալի հայորդու արդյունավոր վաստակի»:

«Լուսահոգի գիտնականը երկար տարիներ աշխատեց ու ստեղծագործեց Մատենադարանի նվիրական հարկի ներքո և շուրջ մեկ տասնամյակ ամենայն նախանձախնդրությամբ ու սիրով ղեկավարեց հայ մտքի հոգևոր կաճառի գործունեությունը: Վաստակաշատ մշակութային գործչի վախճանը կորուստ է հայագիտության համար: Հրաչյա Թամրազյանը պիտի շարունակի ապրել սերունդների հիշողության մեջ՝ նշանակալի իր ավանդով ու գնահատելի ներդրումներով», - գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ուղերձում, մասնավորապես, նշվում է. - «Հրաչյա Թամրազյանը մտավորականի և մարդու այն տեսակն էր, ում մտածելակերպը գեղարվեստական խոսքի և խոհի, անկեղծ ապրումների ամբողջություն էր, ում ապրելակերպը բնորոշ էր համեստ մտավորականին, ով անդավաճան նվիրյալն էր թե՛ մշակույթի, թե՛ մարդկային անկեղծ փոխհարաբերությունների, ում հետ շփվելիս քեզ զգում էիր իսկապես մարդկային միջավայրում, ում պոեզիան կարդալիս հայտնվում էիր հենց բանաստեղծության մթնոլորտում, ում թարգմանություններն ընթերցողի համար դառնում էին բնօրինակ, ում գրականագիտական միտքը հասանելի էր անմիջականորեն, ում խոսքը խորն էր, բարդ, բայցև միաժամանակ պարզ, զերծ ձևականությունից ու պայմանականությունից, ով մնում էր ընկեր ու գիտնական` անկախ իր զբաղեցրած պաշտոնից: Հրաչյան Թամրազյանների մտավորական ընտանիքի ավանդույթների արժանապատիվ շարունակողն էր, ով իր կյանքով, գործով ու կերպարով ստեղծեց մնայուն պատմություն, որը որպես հիշողություն՝ միշտ կենդանի կմնա նրա բացակայությունն զգացող ընտանեկան, ընկերական ու գրականագիտական միջավայրում»:

Հրաչյա Թամրազյանը վախճանվել է սեպտեմբերի 3-ին, կյանքի 63-րդ տարում, ծանր հիվանդությունից հետո: Շաբաթ օրը նրա մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG