Մատչելիության հղումներ

Բագրատաշենում ընտրություններից հիասթափված են, շատերը չեն մասնակցի


Տեսարան Բագրատաշենից

Տեսարան Բագրատաշենից

Ավագանու կին թեկնածուներից մեկն ասում է՝ թեև խոշորացման գաղափարին համայնքը դեմ էր, սակայն, գյուղացիների բողոքն իշխանությունը հաշվի չառավ։

Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին Բագրատաշենից ավագանու երկու թեկնածու է առաջադրվել, երկուսն էլ կին։

Թեկնածուներից Լիանա Ալավերդյանը վստահ է՝ համայնքի ու նաև երկրի խնդիրներն ավելի արագ կլուծվեն, եթե ղեկավար պաշտոններում կանայք ավելի շատ լինեն։ Ավագանու մյուս թեկնածուն՝ Անի Բաբաջանյանը, ով չորս տարի աշխատել է որպես ավագանու անդամ, համակարծիք է՝ «Գեղեցիկ կինը կփրկի աշխարհը»,- ասում է Անին:

Լիանա Ալավերդյանը հավելում է՝ «Թեկուզ նախարար, պրեզիդենտ, որովհետև մենք բոլորս էլ կարող ենք փաստել՝ որ տանը կին չկա, այդ տունը, այդ տնտեսությունը տնտեսություն չէ։ Եվ խնայողությունների տեսակետից և ճիշտ որոշումներ կայացնելու տեսակետից կինը շուտ է կողմնորոշվում բոլոր հարցերում»:

Համայնքների խոշորացման ծրագրի իրագործումից հետո Այրում քաղաքին միացած Բագրատաշենն ընտրություններից հետո գյուղապետ այլևս չի ունենա։ Այրումին միացած Բագրատաշեն, Լճկաձոր, Արճիս, Դեղձավան, Պտղավան, Դեբեդավան, Հաղթանակ համայնքները մեկ հոգի կղեկավարի։

Գյուղից առաջադրված ավագանու թեկնածու Լիանա Ալավերդյանը տեղի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Ասում է՝ թեև խոշորացման գաղափարին համայնքը դեմ էր, սակայն, գյուղացիների բողոքն իշխանությունը հաշվի չառավ։

«Ութ համայնք է խոշորանալու և կենտրոնը լինելու է Այրում համայնքը։ Ինձ համար էդքան հասկանալի չեղավ, թե ինչու Բագրատաշենը, որպես ամենախոշոր բյուջե ունեցող համայնք, կենտրոն չի լինելու։ Համայնքների խոշորացման ծրագրից հետո ինձ մոտ մտավախություն առաջացավ, որ հնարավոր է՝ դպրոցը դուրս մնա գյուղապետի ուշադրությունից: Ամեն ինչ կանեմ, որ բոլոր որոշումները լինեն համայնքի բնակչության օգտին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լիանա Ալավերդյանը:

3200 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղում ջրի ու գազի խնդիր կա։ Բնակիչների խոսքով, նախորդ տարիներին ջրամատակարարում ընդհանրապես չեն ունեցել։ Հիմա էլ ջրագծերը կան, գազի խողովակները ևս, սակայն, մատակարարման խնդիր ունեն՝ «Մարդիկ երբ ինչ-որ մեկին բերել են․․․ ասել են՝ հարս բերենք, մտածել են ասել են՝ չէ, ընդեղ ջուր չկա, ընդեղ ջուրը կրում են»,- ասում է գյուղացիներից մեկը:

Լիանա Ալավերդյանը շարունակում է՝ «Գազամատակարարում չկա, մենք շուրջօրյա ջրամատակարարում չունենք, որակով ջուր չունենք, միգուցե համայնքների ավագանիներով, այս համայնքների խոշորացման արդյունքում կարողանանք հասնել դրան, որ ձևական բնույթ չկրեն էդ խողովակները, իրենց նպատակի համար գործեն»:

Բագրատաշենցիներն ասում են՝ աշխատանք չունենալու պատճառով շատերը լքել են գյուղը։ Մնացողներն էլ դժվարությամբ են հաց վաստակում։ Տեղի շուկայում աշխատող Կարինե Աբրահամյանը պատմում է՝ երբեմնի խիտ շարքերը դատարկվել են։ «Էդ եքա շուկայից ոչ մի բան չմնաց, գնում ենք Վրաստանից երկու կիլո բան ենք շալակած բերում, որ գյուղի ժողովուրդը, թոշակառուն գա, տանի, թոշակ ստանա, բերի տա։ Ոչ մեկս աշխատանք չունենք, ես գնում եմ էս ապրանքը մեքենայով չեմ բերում, տաչկեն վերցրած գնում եմ, տանջամահ եղնելով, որ բերեմ, հանուն ինչի, գործազուրկի փող չեմ ստանում, թոշակառու չկա իմ տանը, ես ինչով ապրեմ»:

Խոշորացած Այրումի ղեկավարի պաշտոնի համար երկու հանրապետական և երկու անկուսակցական թեկնածուներ են պայքարելու։ Գյուղում շատերը հուսահատված են, ընտրություններին էլ մասնակցել չեն ուզում, ասում է մրգավաճառ կինը՝ «Ընտրություններին պիտի գնանք սաղին խաչ անենք պրծնենք, մենակ առանց մեր ընտրելու էլ իրանք ընտրվելու են։

Այ տենց ենք անելու, որովհետև էլ ոչ մեկին չպիտի հավատանք, ընտրում ենք, ժողովուրդ ջան լավ կլնի, աշխատատեղեր կբացենք, բայց ժողովրդին սաղին էլ քշում են Ռուսաստան, ո՞վ ա մնալու։ Էն թանկ տղերանց որ հայրենիք են պաշտպանել, որը Եռաբլուրումը, որն էլ բանտերումը։ Ո՞վ ա մնալու Հայաստանում, Հայաստանը ո՞ւմ համար ա»:

XS
SM
MD
LG