Մատչելիության հղումներ

«Շիրակ» բարեգործական կենտրոնը՝ հարկային քաշքշուկների մեջ


Տեսարան Գյումրիից, արխիվ
Տեսարան Գյումրիից, արխիվ

Կենտրոնի ղեկավարի խոսքով, պետական ինստիտուտները բարեգործական ծրագրերը խրախուսելու փոխարեն՝ պատժում են նախաձեռնողներին:

Վերջին տարիներին 58 անօթևան ընտանիքի բնակարանով ապահոված՝ Գյումրիի «Շիրակ» բարեգործական կենտրոնը հայտնվել է հարկային քաշքշուկների մեջ: Պատճառը կենտրոնի հաշվեկշռում գտնվող տասը բնակարաններ են, որոնք այս տարվա ընթացքում նվիրաբերել են տարբեր բարերարներ:

Օրեր առաջ հարկային մարմնից ծանուցում են ստացել, որ կենտրոնը ստացած շահույթից հարկային պարտավորությունը չի կատարել: «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ եղել են դեպքեր, երբ շահառուն նվիրաբերած բնակարանը վաճառել է կամ տնակ է վերադարձել կամ արտագաղթել, այդ պատճառով էլ բարերարներից ոմանք կենտրոնի առջև պայման են դրել՝ կշարունակեն անօթևանների համար բնակարան գնել, եթե դրանք կենտրոնի հաշվեկշռում լինեն, որպեսզի բնակարանը, «չկորչի»:

Կենտրոնը, լինելով շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն, նաև ըստ Վահան Թումասյանի, հարկային պաշտոնյաներից է հավաստիացումներ ստացել, որ հարկային բեռ չի ավելանա, ու համաձայնել է բարերարների առաջարկին: «Յուրքանչյուր տան համար մոտավորապես 150 - 200 հազար դրամ մենք արդեն մուծել ենք ձևակերպումների համար, հիմա կրկնակի ևս 10 տոկոս, ստացվում է բնակարանի 50 տոկոսի չափով գումար պտի մուծենք պետությանը, ոչ մի հովանավոր չի համաձայնվի նման ձեվով աշխատելու»,- ասում է Թումասյանը:

«Շիրակ» կենտրոնն արդեն հինգ տարի շարունակ տեսանյութերի միջոցով է բացահայտում գյումրեցի անօթևանների խնդիրները, նրանց ծայրահեղ աղքատությունը: Ու հատկապես արտերկրում ապրող հայերը, արձագանքելով այդ տեսանյութերին, սկսեցին հետաքրքրվել ու բարեգործական տարբեր նախաձեռնություններով հանդես գալ․ մեկը բնակարան է նվիրում, մյուսը՝ հագուստ ու սնունդ, վառելափայտ:

Բարեգործական կազմակերպությունն այժմ ծագած հարկային խնդիրների կարգավորման խնդրանքով դիմել է երկրի նախագահին, վարչապետին, մի շարք կառույցների ու սպասում է պատասխանի: Թումասյանը հարց է տալիս՝ եթե հարկային պարտավորությունները չեն կատարել, ինչու՞ առաջին իսկ բնակարանի ձեռք բերումից հետո չեն զգուշացրել՝ «Դիմել ենք հանրապետության նախագահին վարչապետին, պետեկամուտների կոմիտեի նախագահին, դիմել ենք կառավարության բարեգործական ծրագրերի հանձնաժողովին, որ ճանաչեն բարեգործական ծրագիր և ազատեն, արտոնություններ տան հարկերից այս 10 բնակարանի ու ևս 10 բնակարանի համար»:

Կենտրոնի ղեկավարի հաշվարկներով՝ բնակարանի, հագուստի, սննդի, վառելափայտի տեսքով Գյումրիում միայն կենտրոնի միջոցով շուրջ կես մլն դոլարի ներդրում է արվել: Ըստ Թումասյանի, թեև նոր բնակարաններ ձեռք բերելու համար գումար ունեն, սակայն, հարկային այս քաշքշուկի պատճառով գործընթացը սառեցված է մինչև խնդրի լուծումը:

«Շիրակ» կենտրոնի ղեկավարն ընդհանրացնում է՝ պետական ինստիտուտները նման ծրագրերը խրախուսելու փոխարեն պատժում են նախաձեռնողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG