Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Հանքավանում երեք անձի սպանության համար


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2015 թվականի նոյեմբերին Հանքավանում երեք անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական քննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող նախին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել այդ տարածքի սեփականատերեր Գալստյան եղբայրների և անտառապահ Գ.Սեփոյանի միջև` կապված նշված տարածքում կատարված ծառահատումների հետ, որին ներկա են գտնվել նաև այլ անձինք։ Տարածքի սեփականատերերն անտառապահին մեղադրել են նշված տարածքում կատարված ծառահատումների համար: Վիճաբանությունը վերաճել է կռվի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գ.Սեփոյանի որդին՝ Հ.Սեփոյանը, տեղեկանալով, որ հայրը վիճաբանել և կռվել Հրազդան քաղաքի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկվել հայրը և ստացել մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք։ Հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի մարտական ակոսափող ինքնաձիգով մենահատ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և վերջիններիս ընկեր Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ։ Արդյունքում՝ Վարդան Գալստյանին պատճառվել է որովայնի առաջային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննիսյանի՝ գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում առաջացրած գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին՝ երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ, որոնց հետևանքով վերջիններս մահացել են:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հ.Սեփոյանի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Կատարված հանցագործությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու համար անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG