Մատչելիության հղումներ

logo-print

Անկարան մեղադրում է ԱՄՆ-ին՝ քրդերի հարցով «խոստումները չկատարելու» համար


«Արևմուտքն արդեն ստիպված է ընտրություն կատարել՝ կամ կողմ է ահաբեկչությանը, կամ՝ դեմ»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ ահաբեկչական կազմավորումների՝ «Իսլամական պետության» և «Սիրիայի դեմոկրատական միության» միջև «ոչ մի տարբերություն չկա»։

Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, թե Սիրիայի քրդերը, հակառակ իրենց կոչերի, չեն անցել Եփրատ գետի արևելյան ափ։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Չինաստան մեկնելուց առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ միայն թուրքական կողմը կարող է հաստատել քրդերի տեղաշարժի մասին տեղեկությունը։

«Մենք չենք հավատալու Միացյալ Նահանգներում կամ այլ տեղերում ոմանց արած հայտարարություններին, թե քուրդ զինյալներն անցել են Եփրատի արևելք»,- ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հարավային սահմանի մերձակայքում «ահաբեկչական միջանցք» ձևավորվի։

Նախօրեին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Միլիյեթ»-ին տված հարցազրույցում նշել է, թե քրդական զինված ուժերն, «այնուամենայնիվ», չեն քաշվել Եփրատի արևելյան ափ, ինչպես հավաստաիացնում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և փոխնախագահ Ջո Բայդենը։ «ԱՄՆ-ը մեզնից ժամանակ է խնդրել։ Եթե քրդերը հետ չքաշվեն, ապա նշանակում է՝ ԱՄՆ-ը չի կատարում իր խոստումը։ Այդ պարագայում ԱՄՆ-ի հանդեպ ունեցած մեր վստահությունը լիովին կվերանա»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ թուրք քաղաքացիների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ «ամենացածր մակարդակի վրա է»:

Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահը հերթական անգամ կրկնել է՝ թուրքական զինուժի սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողության նպատակը Թուրքիայի սահմանային շրջանները ահաբեկիչներից մաքրելն է։ «Մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Ջարաբլուսից, Սիրիայի հյուսիսային շրջաններից մշտապես հրթիռային հարվածներ են հասցվում մեր սահմանային քաղաքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ ամեն ինչ անելու են Թուրքիայի սահմանների և այդ շրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

«Անադոլու»-ի փոխանցմամբ, նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զինուժի իրականացրած գործողությունները հաջող են ընթանում և 400 քառ. կմ տարածք արդեն «մաքրվել է ահաբեկչական կազմավորումներից»: Նա քննադատություն է հնչեցրել Արևմուտքի հասցեին՝ նշելով, թե «արևմտյան որոշ շրջանակներ անհանգստացած են Ջարաբլուսում «Իսլամական պետության» պարտություններով»։ «Արևմուտքն արդեն ստիպված է ընտրություն կատարել՝ կամ կողմ է ահաբեկչությանը, կամ՝ դեմ»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ ահաբեկչական կազմավորումների՝ «Իսլամական պետության» և «Սիրիայի դեմոկրատական միության» միջև ոչ մի տարբերություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG