Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողների հաջորդ ցույցը կլինի Երևանում


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողների հերթական բողոքի ակցիան, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողների հերթական բողոքի ակցիան, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլէկտրակայանի աշխատողները պահանջում են իրենց 2011 թվականի 4-5 ամիսների աշխատավարձը, որը կազմում է մոտ 100 մլն դրամ:

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլէկտրակայանի աշխատողները մտադիր են առաջիկա հինգշաբթի օրն իրենց բողոքի ցույցն անցկացնել Երևանում՝ կառավարության շենքի առջև: Երեք շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Վանաձորում նամակ հանձնած՝ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները դեռ պատասխան չեն ստացել:

Այսօր նրանք հավաքվել էին Լոռու մարզպետարանի առջև և մարզպետ Արթուր Նալբանդյանից փորձում էին ճշտել՝ ինչու՞ վարչապետը չի արձագանքել իրենց նամակին: Նալբանդյանն պատասխանում էր՝ խնդիրը բարդ է, և իրենք ուղիներ են փնտրում այն լուծելու համար: «Լուծման ճանապարհը գտնելը մի փոքր դժվար ա, պտի համբերեք, տեսնենք, ոնց ա ստացվում: Եթե իմանամ, որ գնաք կառավարություն, հարցն օր առաջ լուծվելու ա, ես կհուշեմ, կասեմ՝ գնացեք, բայց դրա կարիքը չկա»,- հորդորում էր մարզպետը:

Ջէկ-ի աշխատողների 100 մլն. դրամ պարտքը, մարզպետի խոսքով, մարելու է դատարանով սնանկ ճանաչված «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությունը: Նալբանդյանը վստահեցնում է՝ խնդիրը դրական լուծում է ստանալու՝ «Բացասական պատասխան չի կարա տրվի, մի պարզ պատճառով, որովհետև դատարանն ի օգուտ ձեզ վճիռ ա կայացրել: Այստեղ խնդիրն այն է, թե գումարը որտեղի՞ց պտի քիմպրոմը տա»:

Եթե մինչև հինգշաբթի մարզպետը հստակ պատասխան չտա ՋԷԿ-ի աշխատողներին, վերջիններս «անձամբ կգնան վարչապետի մոտ»: «Օրինական ճանապարհով, ամեն քայլի մենք պտի դիմենք, որպեսզի մեր հարցին լուծում տրվի: Եթե օրինական երկիր ա, օրենքը իրավասության ուժ ունի, էդ երկրում օրենքի կատարումը նույնպես պտի իրավասության ուժ ունենա»,- ասում էր աշխատողներից մեկը:

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլէկտրակայանի աշխատողները պահանջում են իրենց 2011 թվականի 4-5 ամիսների աշխատավարձը: Բամաթիվ բողոքի ակցիաներից հետո՝ 2012 թվականին նրանք դատի տվեցին այն ժամանակ ՋԷԿ-ի սեփականատեր՝ «Ռեգիոն էներջի» ընկերությանը: 2014-ին դատը շահելուց հետո էլ բողոքի ակցիաներ շարունակվեցին: Այժմ էլ մարդիկ պահանջում են, որ դատարանի որոշումն ի կատար ածվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG