Մատչելիության հղումներ

Ցավակցական ուղերձներ՝ Ուզբեկստանի նախագահի չհայտարարված մահվան կապակցությամբ


Բժիշկների գնահատմամբ Իսլամ Քարիմովը գտնվում է ծայրահեղ վիճակում

Շուրջ հինգ օր շարունակված լռությունից հետո Ուզբեկստանի կառավարությունը այսօր հայտարարեց՝ ուղեղի կաթվածով հիվանդանոց տեղափոխված նախագահ Իսլամ Քարիմովի առողջությունը կտրուկ վատթարացել է, բժիշկների գնահատմամբ նա գտնվում է ծայրահեղ վիճակում:

«Ռոյթերզ» գործակալությունը, մինչդեռ, հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդում է, թե 78-ամյա առաջնորդը մահացել է: Ժամեր առաջ «Ինտերֆաքսը» ևս նման հաղորդագրություն տարածեց, ապա հերքեց՝ պնդելով, թե տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Հակասությունը առավել սրվեց, երբ Թուրքիայի վարչապետը կառավարության նիստում հրապարակավ ցավակցություն հայտնեց: - «Ուզբեկստանի նախագահը մահացել է, թող Աստծո ողորմությունը նրա հետ լինի, Թուրքիան կիսում է ուզբեկ ժողովրդի վիշտը»,-տեսախցիկերի առջև հայտարարել է Բինալի Յըլդրըմը: Ժամեր առաջ նրան միացան նաև Վրաստանի և Իրանի նախագահները՝ պաշտոնապես ցավակցություն հայտնելով Քարիմովի՝ չհայտարարված մահվան կապակցությամբ: Աֆղանստանի պաշտոնյաներից մեկն էլ AP-ին ասել է, թե երկրի նախագահը պատրաստվում է մեկնել Ուզբեկստան՝ Քարիմովի հուղարկավորությանը մասնակցելու:

Մինչ այդ, «Ազատության» ուզբեկական ծառայությունը հաղորդում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Քարիմովի հայրենի քաղաքում, որտեղ հուղարկավորված են նրա մայրն ու երկու եղբայրները: Վարչապետն այնտեղ է երեկվանից, գիշերն էլ Սամարղանդի հազարավոր բնակիչներ մաքրել ու նորոգել են փողոցները, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը փակվել է, ակտիվություն է նկատվել նաև հրապարակի մզկիթի շուրջ, լուսանկարներ են հրապարակվել գերեզմանատնից, որտեղ երևում է փորված հսկա փոսը, օդանավակայանը փակ է, թռիչքները չեղարկվել են մինչև վաղը:

Վերլուծաբանները չեն բացառում, որ այս ընթացքում կուլիսներում որոշվում է հնարավոր ժառանգորդի հարցը: 32 միլիոնանոց երկրում, ուր Քարիմովը 25 տարի չի հանդուրժել որևէ ընդդիմություն, այսօր ամենահրատապը իշխանության փոխանցման հարցն է, որն ըստ արևմտյան լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ կորոշվի փակ դռների ետևում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մի փոքր խմբի և Քարիմովի ընտանիքի մասնակցությամբ: Եթե նրանք համաձայնության չգան, ներիշխանական պայքարը կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում, որը վերջին տարիներին թիրախ է դարձել իսլամիստ զինյալների համար: Քարիմովը միանձնյա ղեկավարել է երկիրը Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներից մինչ օրս՝ ավելի քան քառորդ դար՝ արժանանալով քննադատության բռնապետական կառավարման համար: Ի պատասխան մարդու իրավունքները հարգելու՝ Արևմուտքի շարունակական կոչերին, նա 2006-ին հայտարարել էր․ - «Մի խառնվեք Ուզբեկստանի ներքին գործերին ազատության ու ժողովրդավարության քողի ներքո և մի ասեք մեզ՝ ինչ անել, ում հետ ընկերանալ և ինչպես ապրել»:

Ուզբեկստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ սառեցվել էին 2005-ի Անդիջանի արյունալի իրադարձություններից հետո, երբ Քարիմովի ուժային կառույցները կրակ էին բացել ընդդիմադիրների ուղղությամբ: Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ հարյուրավոր մարդիկ էին զոհվել:

Վերջին տարիներին հարթ չէին հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ: 2012-ին պաշտոնական Տաշքենդը դադարեցրեց անդամակցությունը Մոսկվայի նախաձեռնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Արձագանքելով Քարիմովի մահվան մասին հակասական լուրերին՝ Կրեմլն այսօր հայտարարել է, թե պաշտոնական տեղեկություն չունի: - «Մեզ հայտնի է միայն այն, ինչ Ուզբեկստանի կառավարությունն է հաղորդել», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG