Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը չի մեկնաբանում Ադրբեջանի արտգործնախարարի՝ շաբաթվա սկզբին արած հայտարարությունը, թե Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ճիշտ ուղու վրա են։

«Միթե քսան տարի իրենց ասածներից ձեզ համար ակնհայտ չէ, որ որևէ մեկնաբանության կարիք չունեն: Իրենք ասում են, այն ինչ իրենց ձեռնտու է, մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ: Դրա համար մեկնաբանելու արդեն որևէ կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ պետք է քո գիծը առաջ տանել», - այսօր հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 20-ին կայացած պետերբուրգյան հանդիպումը բնութագրել էր որպես ղարաբաղյան բանակցային պրոցեսի կարևոր դրվագ՝ նշելով, որ համոզմունք կա, որ ընտրված ճիշտ ուղով շարժվելու դեպքում բանակցային պրոցեսում բեկում է հնարավոր: Այնուամենայնիվ, Հայաստանի փոխարտգործնախարարը չի համարում, թե Ռուսաստանում բանակցությունները նոր ուղի են մտել, որը ձեռնտու չէ հայկական կողմին:

«Պետերբուրգյան հանդիպումը շարունակությունն էր Վիեննայի, որոնց նպատակը մեկն է եղել, որ քանի շփման գծում կան սադրանքներ, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարող առաջ գնալ», - մեկնաբանեց Քոչարյանը:

Հայկական կողմը բանակցային գործընթացում առաջընթաց չի տեսնում, քանի դեռ չկան կոնկրետ արդյունքներ:

«Իսկ արդյունք կլինի այն, որ և՛ համապատասխան մեխանիզմներ ներդրվեն կապված այդ խախտումների հետ, և ընդլայնվի այդ մոնիտորինգային խմբի կարողությունները, և՛ վերջ դրվի այդ սադրանքներին», - ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը:

Սանկտպետերբուրգյան հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտաքին գերատեսչությունից լրիվ տարբեր տեսակետ է ներկայացնում մեկնաբան Թաթուլ Հակոբյանը։ Ըստ նրա՝ մինչ հայկական կողմը ցանկանում է շեշտել, որ բանակցային գործընթացում նորություն չկա, այլ, այդ թվում՝ ռուսական աղբյուրներն ասում են, թե պաշտոնական Մոսկվան վերջին տարիներին բանակցվածից էականորեն տարբեր փաստաթուղթ է առաջարկել, ինչն էլ դարձել է ադրբեջանական պաշտոնյաների լավատեսական հայտարարությունների պատճառ։

«Իլհամ Ալիևի՝ 2003-4-ին իշխանության գալուց հետո աննախադեպ է, երբ որ փաստացի արդեն երեք ամիս Ադրբեջանում այս հակահայկական հիստերիան իջեցվել է հնարավորինս ցածր մակարդակի: Սա հատուկ է արվում, որովհետև Ադրբեջանը ստացել է բանակցային մի փաստաթուղթ, որը կարծեք թե իր համար ընդունելի տարբերակ է որպես բանակցությունների հիմք», - նշում է նա:

Մյուս կողմից, ըստ Թաթուլ Հակոբյանի, վերջին ամիսներին պաշտոնական Երևանն է փոխել հռետորաբանությունը․ - «Այն իմաստով, որ անընդհատ խոսվում է, որ լուրջ բանակցություններ չկան, որ ընդամենը քննարկվում են տեխնիկական հարցեր: Ես կարծում եմ, որ այո՛, այդ հարցերը, իհարկե, քննարկվում են, բայց նաև քննարկվում է այն նախագիծը, որի հեղինակները հիմնականում ռուսներն են և այդ փաստաթուղթը անընդունելի է հայկական կողմի համար»:

Հայկական կողմը, ամեն կերպ փորձելով չհակադրվել Ռուսաստանին, այնուամենայնիվ բացահայտ հասկացնում է, որ այսպես կոչված լավրովյան կամ ռուսական պլանը անընդունելի է Հայաստանի և Ղարաբաղի համար, հավելեց վերլուծաբանը։

XS
SM
MD
LG