Մատչելիության հղումներ

«Լևադա»-ի հարցումներ. Ռուսաստանում իշխող կուսակցության վարկանիշը ընկել է


Նախընտրական Ռուսաստան - «Եդինայա Ռոսիա»-ի քարոզչական վահանակը, 30-ը օգոստոսի, 2016թ․
Նախընտրական Ռուսաստան - «Եդինայա Ռոսիա»-ի քարոզչական վահանակը, 30-ը օգոստոսի, 2016թ․

Սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշը 8 տոկոսով ընկել է:

Օգոստոսի վերջերին «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքներով՝ միայն 31 տոկոսն են ասել, որ եթե ընտրությունները հաջորդ կիրակի անցկացվեին, կքվեարկեին «Եդինայա Ռոսիա»-ի օգտին:

Նախկին հարցումներով միշտ ավելի շատ ռուսաստանցիներ էին ասում, որ քվեարկելու են իշխող կուսակցության օգտին: Մասնավորապես, հուլիսին անցկացված հարցումներով՝ այդ կուսակցության օգտին պատրաստ էին քվեարկել հարցվածների 39 տոկոսը:

Այնուամենայնիվ, «Եդինայա Ռոսիա»-ն օգոստոսյան հարցումներով ևս առաջին տեղում է: Երկրորդ տեղում քաղաքական որևէ ուժ չէ, այլ՝ ընտրությունները մերժողներն են: 15 տոկոսը ասել են, որ չեն գնա քվեարկության, ևս 10 տոկոսը տատանվում են՝ կգնա՞ն քվեարկելու, թե՞՝ ոչ, իսկ հարցվածների 1 տոկոսն ասել են, թե կգնան, բայց քվեաթերթիկը կփչացնեն, կխզմզեն․ այս բոլորը միասին 26 տոկոս են կազմում:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի վարկանիշներին, ապա «Եդինայա Ռոսիա»-ից հետո ամենաշատ ձայները կստանային կոմունիստները. Ռուսաստանի կոմկուսի օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնել հարցվածների 10 տոկոսը, Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ դեմոկրատական կուսակցության օգտին՝ 9 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի օգտին՝ 5 տոկոսը:

Ռուսաստանում ընտրությունները անցկացվելու են սեպտեմբերի 18-ին: Միասնական քվեարկության այդ օրը ռուսաստանցիները Պետդումայի պատգամավորներ են ընտրելու, ինչպես նաև տեղական և շրջանային իշխանություններ, տարածաշրջանային ղեկավարներ:

Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանում սոցիալական բնույթի մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեցին, դժգոհություններ ի հայտ եկան՝ կապված տնտեսական ճգնաժամի, կյանքի պայմանների, ցուցանիշների անկման և մի շարք օրենսդրական փոփոխությունների հետ:

Վերջին խոշոր ակցիան Կուբանի ֆերմերների կազմակերպած՝ տրակտորների արշավն էր դեպի Մոսկվա, որը կասեցրեցին իրավապահ մարմինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG