Մատչելիության հղումներ

ԸՕ-ի շուրջ բանակցությունների մասին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները հակասական են


4+4+4 ձևաչափով բանակցությունները Ազգային Ժողովի շենքում: Ապրիլ, 2016 թ․

4+4+4 ձևաչափով բանակցությունները Ազգային Ժողովի շենքում: Ապրիլ, 2016 թ․

Ընտրական օրենսգրքի՝ վերահսկողական մեխանիզմների ներդրման չեղարկումից հետո փաստաթղթի ճակատագիրը դեռ մնում է անորոշ։

Մինչ իշխանությունը հայտարարում է, թե ընդդիմության առաջ քաշած նոր պահանջների հարցում համաձայնությունն արդեն կայացվել է, ընդդիմադիրները պնդում են, թե առաջին անգամ են լսում այդ մասին։

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև սեպտեմբերի 1-ը համաձայնության վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ, «Ազատության» հետ զրույցում այսօր վստահեցրեց, թե 4+4+4 ձևաչափի շրջանակում բանակցություններն ավարտվել են․ - «Արդեն ավարտել են իրանք, մինչև երկուշաբթի օրը արդեն պիտի ստորագրեն բոլորը միասին և հրապարակեն»:

Բաղդասարյանը հավելեց, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո համապատասխան նախագիծը կընդգրկվի արդեն առաջիկա օրերին մեկնարկող Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում՝ Ընտրական օրենսգրքում ամրագրվելու համար։

Իշխող խմբակցության ղեկավարի այս հայտարարությունը, մինչդեռ, այսօր զարմացրեց 4+4+4 ձևաչափը նախաձեռնած ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին․ - «Առաջին անգամ եմ լսում նման բան: Ես չգիտեմ նրան որտեղից նման տեղեկություններ, որովհետև ես նման տեղեկությունների չեմ տիրապետում: Որևէ ձևաչափով չենք եկել համաձայնության»:

4+4+4 ձևաչափում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք նույնպես տեղյակ չեն, թե ինչ համաձայնության մասին է խոսքը։

Օրեր առաջ, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ հունիսին իշխանության, ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում ԸՕ կատարված փոփոխությունները կյանքի չեն կոչվելու, ընդդիմությունը անվճար նույնականացման քարտերի տրամադրման ու տասը մատնահետքերը ստուգող սարքավորումների փոխարեն, իշխանությանն առաջարկեց կատարել վերջին 13 տարիների թերևս իր գլխավոր պահանջը՝ հրապարակել ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները։

Կրկին պնդելով, որ դեմ են այդ դրույթին՝ իշխանություններն այդուհանդերձ պատրաստակամություն հայնեցին քննարկման առարկա դարձնել հարցը։

Թեև ստորագրված մատյանների հրապարակումը նաև ընդդիմադիր «Ժառանգության» պահանջներից է, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ կուսակցությունն այս անգամ էլ չի մասնակցի իշխանության, ընդդիմության ու քաղհասարակության միջև բանակցություններին:

«Այս դրույթի նույնիսկ ամրագրումը դեռ չի ապահովելու իրական ընտրական գործընթացների լիարժեք գործառույթներ, այլ ընդհակառակը․ ես կարող եմ ասել, որ սա ուղղակի ձևական բնույթ է կրում, և այս պահին, ում հետ որ պետք է քննարկումներ իրականացնեն, նրանց ուղղակի ձեռ է տալիս ասելու, որ մենք քննարկում ենք ընդդիմության հետ, հետևաբար մենք ունենք երկխոսություն, հետևաբար հնարավոր է, մենք ունենանք նաև արդյունքներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորի համար անընդունելի է հատկապես այն փաստը, որ առաջիկա համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ Ընտրական օրենսգիրքը դեռ խմորումների փուլում է․ - «Իհարկե, սա նորմալ չէ: Սա, ընդհակառակը, աննորմալ երևույթ է: Սա նշանակում է, որ այս պահին գործող բռնակալական այս ռեժիմը, վարչախումբը չգիտի ինչպիսի վարքագիծ դրսևորի, որպեսզի կարողանա իր նպատակին հասնել, այսինքն՝ ևս մեկ անգամ զավթել ժողովրդի իշխանությունը»:

Ազգային ժողովի ընտրությունները, որով, ըստ էության, կմեկնարկի Հայաստանի նոր խորհրդարանական հանրապետության ձևավորումը, տեղի կունենան 2017 թվականի գարնանը։

XS
SM
MD
LG