Մատչելիության հղումներ

Բելգիացի խորհրդարանականները կայցելեն Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ այսօր ընդունելով Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը:

Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հովանու ներքո:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանն այդ օրերին լայնածավալ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Նա կարևորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղ: «Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը և լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նա նշել է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանը մեծ աջակցություն է ստացել ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունից՝ ադրբեջանական լոբբիստների կողմից Ղարաբաղին վերաբերող միակողմանի և իրականությունը խեղաթյուրող բանաձևերի քվեարկության ժամանակ:

Ազգային ժողովի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին 2015 թվականի հուլիսին այդ երկրի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար:

Էլս վան Հուֆը, կարևորելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը, նշել է, որ պետք է դատապարտել ցեղասպանության բոլոր ձևերը՝ բացառելու համար դրանց կրկնությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էլս վան Հուֆը մեջբերել է Եվրամիության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն այն մասին, որ չորսօրյա պատերազմն ամենածանրն ու դաժանն էր 1994 թվականին հաստատված զինադադարից հետո:

Տիկին վան Հուֆը նշել է, որ իրենք հավատում են Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն իրենք տեսնում են խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Նա ընդգծել է, որ հարցի կարգավորման համար պետք է տեղի ունենա քաղաքական երկխոսություն, և պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության շրջանակում ներդրում ունենալ խնդրի կարգավորման հարցում:

Բելգիական պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի, խմբի անդամներ Կարինե Աճեմյանի, Էլինար Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի հետ, այցելել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Բելգիացի խորհրդարանականներին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG