Մատչելիության հղումներ

Վրացի քաղաքական գործիչ. «Թուրքիան Վրաստանի թշնամին է»


Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Գյումրուքչու, արխիվ
Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենթ Գյումրուքչու, արխիվ

«Թուրքիան տարածքային որևէ պահանջ Վրաստանին չի ներկայացնում»: Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Լևենթ Գյումրուքչուն ստիպված եղավ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ հանդես գալ երեկ` պատասխանելով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հնչած սկանդալային հայտարարություններին: Դրանց հեղինակն էր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին:

«Թուրքիան մեր թշնամին է: Մի մոռացեք, թե Վրաստանի տարածքի քանի տոկոսն է օկուպացրել Ռուսաստանը և քանի տոկոսն է օկուպացրել Թուրքիան: Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն անգամ հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ Օզուրգեթին, Բաթումին և Ախալցխան Թուրքիայի տարածքն են», - հայտարարում էր վրաց քաղաքական գործիչը այս շաբաթասկզբին:

Վրաստանում Թուրքիայի դեսպանի պատասխանը, սակայն, չուշացավ: «Նման հայտարարություններ, թե Թուրքիան տարածքային նկրտումներ ունի Աջարիայի, Բաթումիի հանդեպ, ես լսել եմ անցած տարվա դեկտեմբերին` [Սիրիայում] ռուսական օդանավի կործանումից անմիջապես հետո: Սա քարոզչական հնարք է: Ես, սակայն, վստահ եմ, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը գիտի, որ Թուրքիան Վրաստանի լավագույն բարեկամներից մեկն է: Թուրքիան և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են: Թուրքիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության գաղափարներին: Ավելին, Թուրքիան Վրաստանի հարևան պետություններից միակն է, որի հետ Թբիլիսին սահմանի հստակեցման մասին պայմանագիր ունի կնքած: Մենք թուրք-վրացական սահմանը դեմարկացրել ենք մինչև վերջին սանտիմետրը», - «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարում էր Լևենթ Գյումրուքչուն` հատուկ ընդգծելով, որ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վերագրվող հայտարարությունները ընդհանրապես գոյություն չունեն:

«Մեր նախկին վարչապետը երբեք չի հայտարարել, թե պատրաստվում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Նա պարզապես ասել է, որ մեր տարածաշրջանի երկրները ընդհանուր պատմություն ունեն», - պնդում էր թուրք դիվանագետը:

Նշենք, որ Թուրքիայի դեսպանի նման կտրուկ արձագանքը պատահական չէ: 2012-ին ստեղծված «Վրաստանի հայրենասերների դաշինքի» գործունեությունը հստակ հակաթուրքական ուղղվածություն ունի: Ավելին, «Հայրենասերների դաշինքը» ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միակն է, որ մի քանի անգամ հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

Անցած տարվա հոկտեմբերին, օրինակ, Թբիլիսիում կայացածի ասուլիսի ժամանակ Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարում էր․ - «Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ, իրականում ցեղասպանություն էր: Նրանց ցանկանում էին ֆիզիկապես ոչնչացնել: Վրացիների հանդեպ Օսմանյան կայսրությունում ևս ցեղասպանություն է իրականացվել` Սև ծովը հեղեղված էր վրացական արյամբ»:

«Վրաստանի հայրենասերների դաշինքը» քաղաքական դաշտի ավանդապաշտ-ազգայնական հատվածի թերևս ամենաազդեցիկ ուժն է, որը հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացված լինելու բավական լուրջ շանսեր ունի: Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի` NDI-ի կողմից հունիսին անցկացված հարցման համաձայն՝ այս կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել արդեն իսկ կողմնորոշված վրաց ընտրողների 7 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG