Մատչելիության հղումներ

Ուկրաինան երկարաձգեց և ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ուկրաինայի փոխվարչապետ Ստեպան Կուբիվ, արխիվ

Ուկրաինայի փոխվարչապետ Ստեպան Կուբիվ, արխիվ

Պաշտոնական Կիևը երկարաձգեց և ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ուկրաինայի փոխվարչապետ Ստեպան Կուբիվը չորեքշաբթի օրը հայտարարել է․ - «Այսօր մենք երկարաձգեցինք 388 ֆիզիկական անձանց և 105 իրավաբանական անձանց պատժամիջոցների ժամկետները, բացի այդ, մենք ընդլայնեցինք պատժամիջոցները՝ ներառելով ևս 250 ֆիզիկական և 46 իրավաբանական անձանց»:

Կուբիվը նշել է, որ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը «պատասխան է Ղրիմի ժամանակավոր օկուպացիային և ռազմական ագրեսիային Ուկրաինայի արևելքում»:

Փոխվարչապետն ասել է, թե պատժամիջոցները վերաբերում են «Ուկրաինայում ահաբեկչությանը սատարողներին»:

Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել մեկ տարի առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերին: Ցանկում անհատներ են, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, ընկերությունների ղեկավարներ, լրագրողներ, ինչպես նաև ռուսական ընկերություններ, մասնավորապես՝ «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը, «Աերոֆլոտ»-ը, «Բանկ Մոսկվի»-ն, «Գազպրոմբանկ»-ը, Առաջին ալիք, «Ռոսիա 24», «ՆՏՎ» հեռուստաընկերությունները:

Այս տարվա մայիսին և հուլիսին Ուկրաինայի նախագահի հրամանագրով նոր պատժամիջոցներ էին սահմանվել՝ դադարեցնելով նաև ռուսական ավելի քան 200 ընկերությունների տնտեսական գործունեությունը Ուկրաինայի տարածքում:

Երեկ Ուկրաինայի փոխվարչապետի հայտարարություններով, փաստորեն, պատժամիջոցները ավելանում են շուրջ մեկուկես անգամ: Դրանք վերաբերում են նաև Ռուսաստանի երկաթուղային ամենախոշոր փոխադրողին՝ Առաջին բեռնափոխադրումային ընկերությանը և Ուկրաինայում դրա դուստր ձեռնարկությանը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը:

XS
SM
MD
LG