Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հարազատներ․ Մենք չունենք իշխանություն, չունենք նախագահ


Ավետիսյանների տունը Գյումրիում, հունվար, 2016թ․

Ավետիսյանների տունը Գյումրիում, հունվար, 2016թ․

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն իշխանություններից պահանջում են բացահայտել «այդպես էլ չբացահայտված» ոճրագործության հեղինակներին: Վստահ են՝ արդարության հասնելու հարցում իրենց թիկունքին կկանգնի ժողովուրդը, ճիշտ այնպես, ինչպես առաջին օրերին:

Գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից 1 տարի 8 ամիս անց նրանց տան դռներն այսօր առաջին անգամ բացվեցին լրագրողների առջև: Հունվարի 12-ի սպանդից հետո տանը ոչինչ չէր փոխվել՝ արյունոտ մահճակալներ ու անկողիններ, պատերին՝ փամփուշի հետքեր:

Ավետիսյանների 2 դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը հայտարարեցին՝ իրենց հարազատների սպանության դրդապատճառն այդպես էլ չբացահայտվեց ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատավարության ընթացքում: Ավագ դուստրը՝ Լուսինեն, պնդում է՝ իրենց խաբել են․ «Մենք ընդհանուր բողոքում ենք ամեն ինչից, առաջին իսկ օրվանից էս տանը տեղի ունեցած ոճրագործությունից, որ․․․ինչի՞ համար եկան մտան, ինչի՞ արեցին, ինչի՞ միչև էսօր ոչ մեկ պատասխան չի տվել, առաջին պահից խաբել են մեզի բոլորը՝ սկսած դատավարությունից, իշխանություններից, բոլորը, անխտիր, առաջին պահից: Ամբողջ քննութունից, ամեն ինչից դժգոհում ենք: Մենք չունենք իշխանություններ, մենք չունենք երկրի նախագահ, 7 հոգու սպանեցին, որից երկուսը մանկահասակ, ինչի՞ չպիտի պատասխան տա: Պտի պատասխան տան բոլորը, էս արյունը, որ դուք նկարում եք, անպատասխան ա մնացել․․․»:

Լուսինեի ամուսինը Եգորն էլ պնդեց, թե իրենց դեպքի հենց առաջին իսկ օրը համոզել են, սպառնացել ու վախեցրել, նպատակ ունենալով այդպիսով կասեցնել Գյումրիում Ավետիսյանների սպանդից հետո սկսված հուժկու բողոքի ակցիաները: «Ամեն ինչ հասկանալի ա, որ էս պետությունը պետություն չի, առաջին իսկ օրվանից վախեցրել են մեզ, կոնկրետ՝ սպառնալիքներով, ամեն տեղերից մեզ ստիպեցին, որ կանգնացնենք միտինգները: Ինչի՞ համար կանգնեցնենք միտինգը․․․ էսօրվա օրով ոչ մի բան չիմանցանք ու չենք էլ երևի իմանա, երևի ո՞րն է, հաստատ չենք իմանա»,- ասաց Եգորը:

Թե ովքեր են քրեական աշխարհից մոտեցել նրանց՝ համոզել ու վախեցրել, Ավետիսյանների հարազատներն անուններ չհրապարակեցին: Վերջիններս վստահ են՝ իրենց հարազատների սպանության համար անցած շաբաթ ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել՝ «Առաջի իսկ օրվանից ասել ենք, որ ինքը մենակ չի եղել, մենք համոզված ենք, որ Պերմյակովը ներկա գտնվել ա, բայց երեխաներին ինքը չի սպանել, ու՞ր են էն 7 հոգին, ու՞ր ա էդ վաշտի հրամանատարը․․․»,-հարցեր են հնչեցնում Ավետիսյանների հարազատները:

Նրանք իշխանություններից մեկ պահանջ ունեն՝ արդարություն: Վստահ են, որ արդարության հասնելու հարցում իրենց թիկունքին կկանգնի ժողովուրդը, ճիշտ այնպես, ինչպես առաջին օրերին: Նաև չեն բացառում, որ կարող են էլի փողոց դուրս գալ:

XS
SM
MD
LG