Մատչելիության հղումներ

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը


Աղավնաձորցիների բողոքի ակցիան, 1-ը սեպտեմբերի, 2016թ․

Աղավնաձորցիների բողոքի ակցիան, 1-ը սեպտեմբերի, 2016թ․

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում նոր ուսումնական տարին չեն կարողանում սկսել՝ դպրոցը չի բացվում, քանի որ գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն տասն ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում:

Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Լուծումը չտեսնելով՝ աղավնաձորցիները այս քայլին են դիմել:

Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ միջոցառում էին նախապատրաստել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և պատրաստ են այն իրականացնել, եթե գյուղացիները թույլ տան:

Սակայն աղավնաձորցիներն անդրդվելի են, նշում են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և աշակերտներին թույլ չեն տալու դպրոց գնալ, եթե նույնիսկ խնդիրը շարունակի ամիսներով չլուծվել, երեխաներն էլ ամիսներով դպրոց չեն գնալու:

Աղավնաձորցի աշակերտների մեծ մասը նշում են, որ համաձայն են իրենց ծնողների հետ և չեն պատրաստվում դասերի գալ այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել:

Ուսուցիչները, տնօրենը ներսում են, սակայն դպրոցում աշակերտներ չկան:

Ուսուցիչներից շատերը «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ համաձայն են այս քայլին, սակայն, ամեն դեպքում, կրթական պրոցես է խաթարվում, և իրենք չեն պատկերացնում, թե ինչ շարունակություն է ունենալու հարցը:

Դպրոցի մոտ ոստիկաններ են եկել, ավելի ուշ ժամանեց նաև Վայոց ձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը: Այստեղ է նաև գյուղապետը, ով նշում է, որ իրենք փորձել են այս ամիսների ընթացքում խնդիրը լուծել, նաև մարզպետարանին են տեղյակ պահել, սակայն այդպես էլ լուծում չի եղել:

Այլ պաշտոնյաներից արձագանք դեռ չկա:

Հիշեցնենք, որ խնդիրը հիմնականում «Վեդի Ալկո» ընկերության հետ է կապված, որը տասն ամիս առաջ մթերումներ է կատարել այստեղ: Գյուղապետարանի տվյալներով՝ մոտ 140 միլիոն դրամի մասին է խոսքը: Այլ գործարաններ ևս որոշակի պարտքեր ունեն, բայց հիմնական պարտքը «Վեդի Ալկո»-ինն է:

Գործարանի տնօրենը նախկինում հարցազրույցներում նշել է, որ իրենք ստիպված են եղել մթերել խաղողը՝ վարչապետի և գյուղնախարարի հորդորներով, և գումար չունեն վճարելու համար: Նա ասել է, որ իրենք նախապես էլ գյուղացիներին տեղեկացրել էին, որ վճարումը կարող է երկար ժամանակ ձգձգվել:

Հիշեցնենք նաև, որ Աղավնաձորը «Արենի» խաղողի տեսակն արտադրող հիմնական գյուղն է, այստեղ մոտ 2 հազար բնակիչ է ապրում, որոնց եկամտի հիմանակն աղբյուրը հենց «Արենի» տեսակի խաղողն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG