Մատչելիության հղումներ

Անկարան կշարունակի հարվածել Սիրիայի քրդերին՝ անտեսելով ԱՄՆ-ի կոչերը


Թուրքական զինվորները գործողություն են իրականացնում Սիրիայի տարածքում, արխիվ

Թուրքական զինվորները գործողություն են իրականացնում Սիրիայի տարածքում, արխիվ

Այսօր Անկարայի հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններին է միացել նաև Ռուսաստանը՝ կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակազմի հետ:

Պաշտոնական Անկարան այսօր հրապարակավ հայտարարեց, թե կշարունակի հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող սիրիացի քրդերին, մերժելով հրադադար հաստատելու՝ Վաշինգոտնի առաջարկը: Ավելին՝ երեկ ուշ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումների է հրավիրել երկրում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին և իր վրդովմունքն արտահայտել Վաշինգտոնից հնչող հայտարարությունների կապակցությամբ:

Վերջին օրերին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, Պենտագոնի և Սպիտակ տան խոսնակներն առանձին-առանձին կոչեր էին հղել Թուրքիային՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հաստատած քրդերի դեմ: «Այսօրինակ հայտարարություններն անընդունելի են և հակասում են դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է պայքարը «մինչև ահաբեկչական բոլոր խմբավորումները ետ շպրտվեն Թուրքիայի սահմաններից»:

Ի տարբերություն Թուրքիայի, Միացյալ Նահանգները Սիրիայի քրդերին ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև համագործակցում է նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Հենց Միացյալ Նահանգների աջակցությամբ այս ամսվա սկզբին քրդերն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրեցին Մանբիջ բնակավայրը՝ առաջ շարժվելով դեպի Թուրքիայի սահման։ «ԱՄՆ-ը խոստացել էր, որ նրանք ետ կքաշվեն»,- հիշեցնում է պաշտոնական Անկարան, որը երբեք չի թաքցրել՝ թույլ չի տա քրդերին պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում:

«ժամանակ առ ժամանակ ամերկացի պաշտոնյաները հավասարության նշան են դնում Թուրքիայի և Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությունների միջև: Սա անընդունելի է, Թուրքիան ինքնիշխան երկիր է, ՆԱՏՕ -ի անդամ, Մերձավոր Արևելքի ամենաուժեղ դերակատարներից մեկը, մենք թույլ չենք տա՝ մեզ համեմատել ահաբեկչական խմբավորման հետ»,- հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը:

Վարչապետ Բինալի Յըլդրըմն էլ խստորեն քննադատել է պնդումները, թե թուրքական զինուժն իրականում Սիրիա է մտել ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարելու, այլ տարածաշրջանում քրդերի առաջխաղացումը կանխելու համար: «Թուրքական զինուժը ահաբեկիչների դեմ պայքարում վեց օրում ավելի շատ հաջողություն ունեցավ, քան կոալիցիոն զորքերը՝ 6 տարում»,- գրել է նախագահ էրդողանի կուսակցության խոսափողը համարվող Daily Sabah-ը՝ ընդգծելով՝

«Թուրքերն արդեն հոգնել են լսել՝ ինչ կարող են անել, ինչ՝ ոչ, մարդկանցից, որոնք ժամանակին խիզախություն չունեցան իրենց դիրքորոշումը պնդելու Սիրիայում: Հակառակ նրանց հորդորների՝ Թուրքիայի զինուժը պետք է մնա և կմնա այդ տարածքներում, և մեր գործը չէ, թե դաշնակից երկրները Սիրիայի քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին կամ ահաբեկչական մյուս խմբավորումներին ինչպես են վերաբերվում»:

Այսօր Անկարայի հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններին միացավ նաև Ռուսաստանը՝ կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակազմի հետ, որին, ըստ էության, Թուքրիայի իշխանությունը չի ճանաչում:

«Ուզում ենք կրկին ընդգծել՝ ինքնիշխան պետության տարածքում ցանկացած ռազմական գործողություն պետք է համաձայնեցվի այդ երկրի օրինական կառավարության հետ: Կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին՝ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների ժամանակ զգուշավորություն ցուցաբերել և հարվածներ չհասցնել ընդդիմադիր ու էթնիկ խմբերին, այդ թվում՝ սիրիայի քրդերին, որոնք ևս պայքարում են «Իսլամական պետության դեմ»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG