Մատչելիության հղումներ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանը, սակայն, դրանում վտանգավոր ոչինչ չի տեսնում:

Վրաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընտրատեղամասերի վերակազմակերպումը լարվածություն է առաջացրել Սամցխե-Ջավախեթի մարզում։ Ախալքալակի շրջանի 17՝ առավելապես հայաբնակ գյուղեր միացվել են Բորժոմիի և Ասպինձայի շրջանի ընտրատարածքներին, ինչի արդյունքում նվազել է այդ շրջանից հայ պատգամավորի ընտրվելու հավանականությունը։ Նախընտրական կրքերի թեժացումն այս տարածաշրջանում նաև նշված խնդրով են պայմանավորված։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նոր՝ ընդլայնված ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրել է գործող պատգամավոր՝ Նինոծմինդայի շրջանից ընտրված Հենզել Մկոյանի թեկնածությունը։ Վերջինս չի կիսում վիրահայության շրջանում առկա այն մտահոգությունները, թե 17 հայաբնակ գյուղերի միավորումն այլ ընտրական շրջանի հետ նախ՝ կնվազեցնի Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների թիվը, ապա հետագայում Բորժոմին կդառնա նաև այդ գյուղերի վարչական կենտրոնը: «Չէ, չէ, ոչ մի վտանգ էլ չկա, էս ընտրություններից հետո [17 գյուղերը] նորից Ախալքալակին են միավորվելու...»,- «Ազատությանն» ասաց Մկոյանը:

Ախալքալակի շրջանից պատգամավոր ընտրված Սամվել Պետրոսյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ինքը դեմ է քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Նա համարում է, որ դա հայերի համար «միանշանակ» օգտակար չի լինի: «Մի տարրական բան՝ այդ շրջանի ընտրողը պետք է կիլոմետրեր գնա, որպեսզի հասնի Բորժոմի և այլն։ Այլ օրինակներ էլ կան, և ես գտնում եմ, որ այդ որոշումը սխալ է»,- ասաց Պետրոսյանը։ Վերջինիս թեկնածությունն, ի դեպ, առաջիկա ընտրություններին չի առաջադրվել: Պատճառների մասին, սակայն, նա ոչինչ չհայտնեց։

Նոր՝ ընդլայնված ընտրատարածքում առաջադրվել է նաև ընդդիմադիր՝ Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանի թեկնածությունը։ Ի տարբերություն իշխող կուսակցության թեկնածուի, նա ևս համարում է, որ վերակազմակերպումը մեծ խնդիր է առաջացնելու բնակիչների համար, անկախ հանգամանքից՝ ով կընտրվի այս անգամ:

«Բնականաբար, ինչպես ջավախքցիների, իմ մեջ էլ վախ կա, որ հետագայում այդ շրջանները կարող են միացնել Բորժոմիին»,- «Ազատությանն» ասաց Կարապետյանը: Նախկին ոստիկանապետի խոսքով՝ «իր ընտրվելու շանսերը շատ մեծ են»։ Ըստ նրա, 9 տարի լինելով իշխանության մեջ, իրենք ժողովրդի համար են աշխատել։ Եվ եթե անգամ սխալվել են, ինքն այսօր իր ծրագրում հաշվի է առել այդ սխալները:

Արդեն 17 տարվա պատգամավորական ստաժ ունեցող Հենզել Մկոյանը, սակայն, Կարապետյանին իրեն մրցակից չի համարում, նրա շանսերն էլ գնահատում է ոչ ավելի, քան 7 տոկոս։ Մկոյանի խոսքով, նախկին ոստիկանապետը ոչ մի լավ բան չի արել ժողովրդի համար։ Վերջինիս հակադարձելով՝ Կարապետյանն իր հերթին հիշեցնում է ամիսներ առաջ ջավախքցի մի ընտանիքի սպանությունը՝ «Համենայն դեպս՝ երբ մենք էինք իշխանություն, Ջավախքում ընտանիքներ չէին սպանվում։ Մենք պայքարել ենք հանցագործության դեմ»,- ասաց Մկոյանը:

Ախալքալակի շրջանի սակրեբուլոյի (համայնքի ներկայացուցչական օրգան) նախագահ Համլետ Մովսիսյանի կանխատեսմամբ, Սամցխե-Ջավախեթիում թեժ ընտրապայքար է սպասվում․ բացի այն, որ արդեն 9 թեկնածություններ են առաջադրվել, նաև «բնակիչներն են վրդովված 17 գյուղերն Ախալքալակից անջատելու որոշումից»։

Օգոստոսի 22-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Սամցխե-Ջավախեթիի հայերին էր ներկայացրել իշխող կուսակցության թեկնածուին՝ Հենզել Մկոյանին: Հանդիպումն ուղեկցվել էր թեժ վիճաբանությամբ։ Հավաքի մասնակցիները «դավաճան» են անվանել գործող պատգամավորին՝ պահանջելով առաջադրել մեկ այլ գործող պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանի որդու՝ Անդրանիկ Պետրոսյանի թեկնածությունը: Նշենք, որ վերջինիս անունն ընդգրկվել է համամասնական ընտրացուցակում։

XS
SM
MD
LG