Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը


«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը, արխիվ:

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը, արխիվ:

Այսօր «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամի հացադուլի 31-րդ օրն է։

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված ընդդիմադիր գործիչը գրավի դիմաց իրեն ազատ արձակելու երկրորդ միջնորդությունն է ներկայացրել։ Նրա փաստաբան Կարեն Մեժլումյանի համոզմամբ՝ Ղուկասյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, և դատարանն այս անգամ պարտավոր է նրան ազատ արձակելու որոշում կայացնել։

«Միջնորդությանը կից ներկայացրել ենք որոշակի փաստաթղթեր, որոնք նախկինում առաջին ատյանի դատարանում ներկայացված չեն եղել, և որոնցով, գտնում ենք, որ կհավաստվի, որ Անդրիաս Ղուկասյանը ազատ գտնվելով և գրավի առկայության պայմաններում չի խոչընդոտի քննությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա փոխանցեց, որ ուղիղ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր գործիչը բժիշկների ամենօրյա հսկողության տակ է, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրա առողջական վիճակը բավարար է․ - «Համենայն դեպս կարող եմ ասել, որ օրգանիզմը դիմանում է, նա իրեն առույգ է ցույց տալիս»:

Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 30-ին՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ Նույն գործով կալանավորվել էին նաև «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ովքեր օրեր առաջ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին։

«Մեղադրանքը այսպիսին է․ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը կատարել են որոշակի գործողություններ՝ հանրահավաք, երթ և այլն: Դրա համար ես նաև փորձում մտածել, որ Վերաքննիչ դատարանում պարզապես միգուցե Անդրիաս Ղուկասյանի բախտը չբերեց դատավորի առումով, մի կողմից: Բայց, մյուս կողմից էլ, չի բացառվում, որ ամեն դեպքում Անդրիաս Ղուկասյանի հետ կապված ինչ-որ լրացուցիչ ճնշումներ գործադրելու պատվեր կա», - նշեց Մեժլումյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանների ցուցմունքներով, իսկ կալանավորումից մինչև այսօր քննչական որևէ գործողություն չի իրականացվում։ Ազատազրկումից ի վեր արգելանք է դրված նաև տեսակցությունների, հեռախոսազանգերի վրա։

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ իրավապահներն անգամ անչափահաս երեխային են արգելում տեսնել հորը․ - «Ի՞նչ մեղք ունի կամ ի՞նչով կարող է երեխան խանգարի ընդհանուր քննությանը»:

Անահիտ Թարխանյանի պնդմամբ, Ղուկասյանին զրկել են նույնիսկ նամակագրության իրավունքից, իսկ նրան ուղղված նամակները տեղ են հասնում բովանդակությունը ստուգելուց հետո միայն․ - «Ես վիրավորված ու զայրացած եմ: Գտնում եմ, որ ամենակարևոր սահմանադրական իրավունքն է խախտված մարդու, որովհետև բոլոր մեր նամակները, որոնք ես ուղարկում եմ փոստով, դրանք բացվում են, դրանք կարդացվում են և նոր տրվում են Անդրիասին»:

Թե դեռ որքան ամուսինը կշարունակի հացադուլը, Թարխանյանը դժվարանում է ասել, սակայն հաշվի առնելով նախկին փորձը, նշում է, որ բողոքի այս ծայրահեղ միջոցը դադարեցնելուց հետո, բանտային պայմաններում գրեթե անհնարին կլինի վերականգնվել:

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցի հարցն Արաբկիրի դատարանը կքննի սեպտեմբերի 8-ին։

XS
SM
MD
LG